«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի տասնմեկերորդ փուլով այսօր՝մայիսի 9-ին, Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի 29 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:
«Արարիչ» բարեգործական հիմնադրամը շարունակում է «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի իրականացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մեկնողների հետ հանդիպել է «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը: Նա նշել է, որ օրը խորհրդանշական է, և մեր հայորդիների կերտած անկախ պետականության պահպանման սրբազան պարտականությունը իրենց ձեռքերում է:
«Շնորհավորում եմ բոլորիս Եռատոնի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ արդեն գիտության ու արվեստի ասպարեզներում: Մեր ծրագիրն առավել քան հագեցած օրակարգ ունի և իր մեջ ընդգրկում է այցելություններ պատմամշակութային վայրեր, զբոսանք, հետաքրքիր ժամանց և այլն: Վստահ եմ,որ դուք ևս հնարավորինս լավ կճանաչեք մեր պատմական հայրենիքը և կկարողանաք գնահատել ունեցած դարավոր մշակութային արժեքները : Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ քաղաքական տարբեր գործիչների, հաջողակ գործարարների հետ, որոնց ընթացքում հնարավորություն կունենաք արտահայտելու ձեր կարծիքներն ու մտահոգությունները»,-ասել է Կ.Սարգսյանը:
Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսխորհրդի փոխնախագահ Անի Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել «Արարիչ» բարեգործական հիմնադրամի ղեկավարությանը և վստահություն հայտնել,որ այցի ընթացքում ստացած տպավորությունները հիշելու են ողջ կյանքում: