Artsakhpress

Քաղաքական

Չեմ բացառում, որ կլինեմ Արցախի նախագահի թեկնածու. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Tert.am-ը զրուցել է Արցախ-Հայաստան հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրի, Արցախի ներքաղաքական կյանքի և այլ հարցերի շուրջ:

Չեմ բացառում, որ կլինեմ Արցախի նախագահի թեկնածու. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)

Չեմ բացառում, որ կլինեմ Արցախի նախագահի թեկնածու. Աշոտ Ղուլյան (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայաստանյան նոր իշխանությունների, Արցախի իշխանությունների միջև հանրային կապերի նոր մակարդակ է  արձանագրվել: «Այս բոլոր յուրահատկություններով հանդերձ մեզ հաջողվել է պահպանել նաև եղբայրական, բարեկամական մակարդակը, ինչը չի նշանակում, որ աշխատանքային հարաբերությունների մակարդակում չեն կարող լինել տարաձայնություններ, բայց ես վստահ եմ, որ այդ տարաձայնություններն էլ բնական ու օբյեկտիվ են: Մեր բոլորի խնդիրն է, որ կարողանանք շարունակել երկու հայկական պետությունների բնականոն հարաբերությունները, ինչը ստացվում է»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց Արցախի ԱԺ նախագահը:
Ղուլյանը պնդեց, որ հայաստանյան իշխանությունների կողմից Արցախի ներքին գործերին որևէ միջամտության, ներքին գործերին խառնվելու երևույթներ չեն եղել: Վերջինս շեշտեց, որ երկու հայկական պետություններն իրենց փոխհարաբերություններում այնքան են հասել ինտեգրման առանձին ոլորտներում, օրինակ՝ անվտանգություն, պաշտպանական համակարգ, միասնական են ֆինասական, կրթական, մշակությայնն դաշտում, որ դա նշանակում է՝ չեն կարող լինել առանց փոխհամաձայնեցման, առանց իրար հետ նույն հարցերի շուրջ խոսելու, համաձայնեցնելու քայլեր:

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ով Արցախի առաջին նախագահն է եղել, շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ ազդեցություն չե՞ն թողնում երկու երկրների հարաբերությունների վրա, Ղուլյանն ասաց, որ ցավով չպետք է  վերաբերել այս կարգի հարցերին, որոնք ծագում են օրակարգում: «Իհարկե, այդ թեման էլ է մեր հրատապ հարցերի կամ հանրային հետաքրքրության շրջանակներում է: Ես կարծում եմ, որ անտրամաբանական կլիներ, եթե, օրինակ, Արցախից այդպիսի հետաքրքրություն չլիներ, անտարբերություն լիներ, թե ինչ է կատարվում: Իմ կարծիքով՝ մենք մեր այսօրվա փոխհարաբերություններում ի զորու ենք մեր հարաբերությունները կառուցել այնպես, որ չվնասենք իրավական քաղաքական հարցերին և բոլոր հարցերին կարողանանք լուծում տալ»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Փաշինյանի այն պնդմանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, Աշոտ Ղուլյանն ասաց, որ չպետք է վախենալ այդպիսի փոփոխություններից, և չպետք է դրա մեջ տեսնել շատ սուր ինտրիգային թեմաներ: «Շատ բնական է, որ մենք այսպիսի փոփոխություններից հետո փորձում ենք նոր դիտանկյունից նայել Ղարաբաղյան հիմնախնդրի ամբողջ փաթեթին: Փաստն այն է, որ մենք լուրջ առաջընթաց չունենք բանակցային գործընթացում, հակառակը՝ մենք ունենք փակուղային վիճակ, և դա ստեղծվել է բոլոր նախորդ տարիների ընթացքում միջնորդների կողմից Ադրբեջանի քմահաճույքներին ընդառաջելու արդյունքում»,- ասաց նա:
Ղուլյանը նշեց, որ այն, որ այսօր հայտարարվում է, որ Արցախն ինքնուրույն պետք է բանակցային կողմ լինի, շատ ճիշտ շեշտադրում է: Ըստ նրա՝ դրանով փորձ է արվում կարևոր ազդակ տալ, որ եթե նախորդ տարիներին Արցախի անմիջական չմասնակցության արդյունքում ունեցել ենք այդպիսի փակուղային վիճակ, Արցախի մասնակցությունով բանակցային գործընթացին, Արցախը կարող է անմիջական մասնակից դառնալ իրեն վերաբերող հարցերին: «Երբ Արցախն անմիջապես բանակցային կողմ էր, մեզ հաջողվել է հասնել իրավական կարևոր քաղաքական ձևակերպումների»,- նկատեց նա:
Իսկ թե որքանով են թափանցիկ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները, Աշոտ Ղուլյանը նշեց, որ բանակցային գործընթացը որոշակի յուրահատկություն ունի, և ամեն ինչ չէ, որ եթե բանակցային գործընթացում դրվում է քննարկման, հրապարակվում և ներկայացվում է:
«Դա մի կողմից բնական է, այսինքն՝ որպես աշխատանքային տարբերակ շատ հնարավոր է, որ բանակցություններում խոսեն ամեն ինչի մասին, բայց կարևորն այն է, թե որպես արդյունք ինչի են հանգել: Ես կարծում եմ, որ մեր օրերում թափանցիկության մասին խոսելը միամտություն կարող է թվալ, որովհետև այն, ինչ այսօր կարող է գաղտնիք լինել, վաղը գաղտնիք չի լինելու, միամտություն է կարծել, որ բանակցային գործընթացում հնարավոր է տարիներով գաղտնապահություն պահել: Ես կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ ինչ տեղի է ունենում, Արցախյան կողմը տեղյակ է, բայց չեմ կարող պնդել, որ բոլոր աշխատանքային մերժված տարբերակները ներկայացվում են»,- հայտարարեց նա:
Աշոտ Ղուլյանն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է ժողովուրդը հստակ ձևակերպի, թե Արցախյան հիմնախնդրի ինչպիսի կարգավորում է ուզում: Նրա խոսքով՝ 1991 թվականի անկախության հանրաքվեն քաղաքական իրավական կարևորագույն իրադարձություն է: «Խնդիրն այն է, որ 91-ից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, շատ բաներ են փոխվել մեր քաղաքական տնտեսական իրավական հիմնավորումներում:
Ես կարծում եմ, որ երբ ՀՀ վարչապետը խոսում էր, որ պարզ չէ, թե լրիվությամբ ինչ մենք պետք է պաշտպանենք, նա ոչ թե նկատի ունի մեր դիրքորոշումը՝ որպես ժողովրդի կամարտահայտություն ինչպիսինն է, այլ հավանաբար նկատի է ունեցել, որ բանակցային գործընթացում այդ նույն քննարկվող աշխատանքային տարբերակներում որին կարելի է ավելի հանգիստ մոտենալ, որը կարող է միանգամից մերժել և այլն: Այսինքն՝ շատ ավելի մենք այսօր բանակցային գործընթացում ընդհանուր փիլիսոփայության մեջ էական տարբերություն չունենք: Մենք գիտենք՝ ինչի ենք ձգտում, մենք գիտենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է միջազգային ճանաչում ստանա, և գուցե դա ամենակարճ ճանապարհն է, այդպիսի քաղաքական հիմնավորում էլ կա, որ դա է միասնական հայկական պետականություն ունենալու ճանապարհը: Որպեսզի այդ ճանապարհը մենք անցնենք, հնարավոր է՝ շատ այդպիսի դրվագային հանգրվանային ինչ-որ բաներ քննարկվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե 2020 թվականին սպասվող Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ինչ կարգավիճակով է մասնակցելու, արդյոք առաջադրվելու է, նա պատասխանեց, որ քանի դեռ երկար ժամանակ կա մինչ դա, այս ժամանակահատվածում իրենք գտնվում են նախապատրաստական գործընթացների մեջ: «Մի քանի ամիս առաջ Արցախի ժողովրդական կուսակցության կենտրոնական խորհրդի նիստ ենք ունեցել, քննարկել ենք այդ հարցը, ես կարծում եմ՝ մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու և՛ ՏԻՄ ընտրություններին, և՛ համապետական ընտրություններին: Այսօր այդպիսի պահանջարկ կա, որ անպայման կուսակցությունը պետք է մասնակցի նախագահական ընտրություններին, ես կարծում եմ, որ առաջիկայում կգտնենք այդ հարցի պատասխանը»:
Ճշտող հարցին՝ չբացառե՞նք, որ կլինեք Արցախի նախագահի թեկնածու, նա պատասխանեց՝ իհարկե:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search