Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկել են CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպումները:
Ստեփանակերտում մեկնարկել են CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ով, ողջունելով ներկաներին, անդրադարձել է նրանց կողմից տարվելիք աշխատանքներին: Նա նշել է, որ այսօրվանից ինտենսիվ կերպով սկսվում են թրեյնինգները կամավորների հետ:
Միջոցառմանը ներկայացվել է արցախյան արժեքների, կենցաղի ու բարքերի մասին պատմող տեսահոլովակ, որում ցուցադրվում էին նրա տեսարժան ու պատմամշակութային վայրերը:
ԱՀ կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել անդամներին՝ ակտիվ արձագանքների և կամավորական աշխատանք կատարելու պատրաստակամության համար:
«Արցախը հանրությանը ծանոթ է իր «Տատիկ-պապիկ» սիմվոլով, բայց քանի որ այն չի կարող լինել ֆուտբոլային առաջնության խորհրդանիշ,ուստի մենք որպես այդպիսին ընտրել ենք «Թոռնիկը»: Կոթողը խորհրդանշում է մեր անցյալը , մեր սովորույթներն ու ավանդույթները, մեր ինքնությունը, իսկ «Թոռնիկը» այսօրվա Արցախն է՝ազատ,առանց բարդույթների, դեպի ապագան նայող և պատրաստ համագործակցության: Կամավորական նոր սերունդն է այսօր այդ «թոռնիկը»,ով պետք է պատրաստ լինի աջակցելու հանրապետությունում կայանալիք բոլոր գործընթացներին: Նրանք են մեր անկախության սերունդը, մեր ձեռքբերումն ու նվաճումը, և նման իրադարձությունները հնարավորություն կտան բացահայտելու իրենց մեջ թաքնված պոտենցիալը, որը կուղղորդի նրանց ամբողջ կյանքի ընթացքում»,-ասել է Ն.Աղաբալյանը:
ԱՀ մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր խոսքում մասնավորապես նշել է, որ CONIFA-ի եվրոպական գավաթի խաղարկությունը Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակ ունի:
«CONIFA-ի առաջնությունը, լինելով մարզական միջոցառում, իր մեջ ներառում է թե´ քաղաքականություն, թե´ մշակույթ և թե´ բիզնես: Այսօր Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում՝ խոչընդոտելու թիմերի մասնակցությանը Արցախում կայանալիք մարզական միջոցառմանը: Պայքարը, բացի ռազմի դաշտից, լինում է նաև այլ բնագավառներում, ուստի մենք պետք է պայքարենք այդ քաղաքականության դեմ: Նոր սերունդն է մեր երկրի այցեքարտը, և համոզված ենք, որ նրանք ըստ պատշաճի կներկայացնեն մեր երկիրը: Օտարազգի հյուրերը պետք է գոհ լինեն նաև կամավորների կատարած աշխատանքներից: Վստահ ենք, որ նրանք կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները և կդառնան մեր հաջողությունների գրավականը»,-ասել է Լ.Հովհաննիսյանը:
Մեզ հետ զրույցում կամավորական կենտրոնի ղեկավար Ղազար Հակոբյանն ասել է, որ Ասկերանում,Մարտակերտում և Մարտունիում նույնպես ձևավորվել են կամավորական խմբեր, և, ընդհանուր առմամբ , մասնակցում է 200 կամավոր: Նա նաև նշել է, որ թրեյնինգների ու հանդիպումների ժամանակ խմբերը բաշխվելու են ըստ համապատասխան կարողությունների: Ղազար Հակոբյանը վստահեցրել է, որ երիտասարդ կամավորները կկարողանան իրենց ոգևորությունն ու ողջույնը փոխանցել բոլոր մասնակիցներին:
Հանդիպումը շարունակվել է Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, որտեղ նկարահանվել է նաև փոքրիկ տեսահոլովակ՝ կամավորների մասնակցությամբ: