Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնը լքելու մասին, ինչը տեղի կունենա հույիսի 7-ին:
Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 7-ն հրաժարական տալու որոշման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վարչապետին նման հայտարարության են դրդել կուսակիցները՝ ներառյալ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի կողմից «Բրեքզիթ»-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի ընթացքից:
Սա նշանակում է, որ Մեյը պետք է լքի նաև երկրի վարչապետի պաշտոնը, սակայն կհասցնի այդ պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփին, որը հունիսի սկզբին պետական այցով Մեծ Բրիտանիա կմեկնի:
Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի հունիսի 7-ին: Ներկայում այդ պաշտոնի հիմնական հավակնորդը երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Վերջինս արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջարդելու մասին: Առաջադրվելու հնարավորությունը դիտարկում են նաև Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, արտգործնախարար Ջերեմի Հանթը և ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:
Մինչ կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը, ինչը սովորաբար շուրջ 6 շաբաթ է տևում, Մեյը, ամենայն հավանականությամբ, կստանձնի երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: