Artsakhpress

Սփյուռք

Կարո Փայլանը մեկնաբանել է հայաստանցի կնոջ դանակահարության դեպքը Ստամբուլում

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։

Կարո Փայլանը մեկնաբանել է հայաստանցի կնոջ դանակահարության դեպքը Ստամբուլում

Կարո Փայլանը մեկնաբանել է հայաստանցի կնոջ դանակահարության դեպքը Ստամբուլում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Դեպքին անդրադարձել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ նշելով, որ դա հետևանք է թուրքական իշխանությունների կիրառած ատելության խոսքի:
Թեմայի վերաբերյալ թուրքական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանությունում հայ պատգամավորը մասնավորապես ասել է.
«Ավելի քան պարզ է, որ այս դեպքը ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Վերջին շրջանի ատելության մթնոլորտի, մեկուսացումների ու ճամբարների բաժանելու գործընթացի հետևանքին ու շարունակությանն ենք ականատես լինում: Այդպիսի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան, որ չշարունակվեն: Գիտեք՝ 2 շաբաթ առաջ էլ Գյոքչեադայում ատելության հողի վրա հանցագործություն էր կատարվել մի հույն բնակչի նկատմամբ: Ընդհանուր առմամբ պետության և իշխանությունների կողմից կիրառվող ատելության խոսքը ու ատելության դրսևորումներ պարունակող ելույթները, նույն հողի վրա կատարվող հանցագործությունների պատճառ են դառնում: Ատելության խոսքի ու մթնոլորտի առկայության պայմաններում այդ հողի վրա կատարվող հանցագործություններն անխուսափելի են: Եթե Դուք մեկին որպես ստոր, դավաճան ու ահաբեկիչ ներկայացնեք մարդիկ նրա նկատմամբ վարվելու են ըստ այդմ»:  
Փայլանը տեղեկացրել է նաև, որ դեպքի առնչությամբ հանդիպել է պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
Պոլսի հայոց պատրիարքարանի միաբան Զաքեոս վարդապետ Օհանյանն էլ, տեղեկացնելով, որ դեպքի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է, մանրամասներ է հայտնել կատարվածի վերաբերյալ: Վարդապետը խոսքով չարագործները հայ կնոջ կոկորդի ու կրծքի հատվածներում դանակի ծայրով ծակծկել են, իսկ ոտքերի հատվածում շատ ավելի լուրջ վնասվածքներ են հասցրել: Օհանյանը տեղեկացրել է նաև, որ դեպքից մոտ 2 ամիս առաջ Արփինեի տան դռան մոտ «Գյավուրներ կորեք գրողի ծոցը» բովանդակությամբ գրություն է թողնվել, տան պատին էլ խաչի տեսքով նշան է արված եղել: արփինեի ընտանիքը, սակայն, հայաստանցի էլիգրանտ լինելու, պատճառով ոստիկանություն չի դիմել, ինչպես նաև դրա մասին չի տեղեկացրել պատրիարքարանին:
Հայ հոգևորականը նշել է, որ այսպիսի դեպքերը նոր չեն՝ հիշեցնելով տարիներ առաջ նույն՝ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումները, որոնցից մեկն էլ ավարտվել էր մահվան ելքով:
«Ֆերիքյոյում, Բոմոթիում, Քուրթուլուշում (Ստամբուլի թաղամասեր-խմբ.) ամեն տար նմանատիպ նշումներ են արվում (հայերի տների պատերին): Տարիներ շարունակ նման դեպքերի ականատես ենք լինում, այդ գրությունները մեզ համար նորություն չեն»,- ասել է հոգևորականը:
Օհանյանը տեղեկացրել է նաև, որ Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դեպքի առնչությամբ անձամբ հանդիպել է Ստամբուլի ոստիկանապետի հետ: Վերջինս խոստացել է հնարավորինս կարճ ժամանակում հայտնաբերել հանցագործներին ու միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search