Ադրբեջանցի լրագրող, հայերի և թալիշների դեմ ակցիաներ իրականացնող Ֆուադ Աբասովը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում։
Ադրբեջանցի գործիչը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում․ պահանջում է արտահանձնել իրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա պահանջում է կա՛մ բաց թողնել իրեն, կա՛մ արտահանձնել Ադրբեջան։ Ընդ որում՝ ազատ արձակումը գրեթե անհնար է, իսկ արտահանձնմանը նա դեմ էր արտահայտվել շատ կարճ ժամանակ առաջ։
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, երեկ ռուսաստանյան դատարանը մերժել է նրա բողոքը, որով նա հանդես էր գալիս իրեն Ադրբեջան արտաքսելու որոշման դեմ։ Ավելի ուշ նա պահանջել է արտահանձնել իրեն։ Ձայնային հաղորդագրությամբ նա հայտարարել է, որ իր տոմսն արդեն գնել էին, բայց կես ճանապարհից իրեն վերադարձրել են Մոսկվա։
Հիշեցնենք, որ Աբասովին արտաքսելու որոշումը կայացրել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ)։ Ռուսաստան մուտքը նրան արգելվել է 50 տարով։ Պատճառների մասին հաղորդումներ չեն եղել, բայց լրատվամիջոցները պնդում են, որ նրան արտաքսելու համար իրավապահներին դիմել են հենց ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։
Պարզվում է՝ հայերի ու թալիշների դեմ սադրանքներ անող գործիչը հասցրել է «աչքի փուշ» դառնալ նաև սեփական հայրենակիցների համար։ Աբասովը հակասությունների, տարաձայնությունների մեջ է մտել Ռուսաստանում գործող ադրբեջանական համայնքների հետ, նրանց մեղադրել հայամետ գործունեության համար ու հակահարված ստացել նրանցից։