Մենք հեռանում ենք մի երկրից, որը կարող է կազմակերպել ու անցկացնել բարձրակարգ մրցաշարեր. Ստեփանակերտում ավարտվեց ConiFA-ի առաջնությունը
(լուսանկարներ)
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում քիչ առաջ կայացել է CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի փակման հանդիսավոր արարողությունը:
Մենք հեռանում ենք մի երկրից, որը կարող է կազմակերպել ու անցկացնել բարձրակարգ մրցաշարեր. Ստեփանակերտում ավարտվեց ConiFA-ի առաջնությունը
(լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը, ողջունելով ներկաներին, CONIFA-ի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալբերտո Ռիսկոն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր հավաքականներին դիտարժան խաղ ներկայացնելու համար:
Դիմելով ներկաներին նա ասել է. «Առաջնության ավարտին մենք հեռանում ենք մի երկրից, որը կարող է կազմակերպել ու անցկացնել բարձրակարգ մրցաշարեր: Եվ ինչու ոչ, գուցե մի օր CONIFA-ի աշխարհի առաջնությունն անցկացվի հենց Արցախում: Մենք հեռանում ենք մի երկրից, որը մի օր կունենա իր ֆուտբոլի ազգային լիգան: Հենց սա է CONIFA-ի կարևորագույն նպատակներից մեկը՝ աջակցություն ցուցաբերել ֆուտբոլի ֆեդերացիաներին: Այս օրերին մենք ծանոթացանք հարյուրավոր մարդկանց, այդ թվում և կամավորների հետ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երիտասարդներին Եվրոպայի առաջնության անցկացմանը ցուցաբերած իրենց աջակցության համար:Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գլխավոր հովանավոր Sportsbet.io-ին, ինչպես նաև Արցախին ու արցախցիներին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի և կազմակերպվածության համար»:
Ալբերտո Ռիսկոի խոսքով՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հարավային Օսիայի և Արևմտյան Հայաստանի հավաքականները խաղացել են որպես իսկական չեմպիոններ:
Միջոցառմանը ներկա CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի կառավարական հանձնաժողովի նախագահ, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ իր ելույթում ասել է, որ հունիսի 1-9-ն Արցախում թևածում էր ֆուտբոլային տրամադրություն:
«Առաջնությանը մասնակցած 8 հավաքականները համառ մրցապայքարում ցուցադրել են հետաքրքիր ու դիտարժան խաղ: Այսօր վստահությամբ կարող եմ ասել, որ CONIFA-2019-ը դարձել է տոն ոչ միայն ֆուտբոլի երկրպագուների, այլև բոլոր արցախցիների և Արցախ այցելած հյուրերի համար: Շնորհավորում եմ CONIFA-2019-ի չեմպիոնի տիտղոսին արժանացած Հարավային Օսիայի հավաքականին: Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր հավաքականներին՝ առաջնությանը իրենց մասնակցության, արդար մրցապայքարի և մեզ բոլորիս տոնական տրամադրություն պարգևելու համար: CONIFA-2019-ի Եվրոպայի առաջնության մեկնարկին մենք անծանոթ էինք միմյանց, բայց ավարտին մեք հրաժեշտ ենք տալու, որպես բարեկամներ: Թող CONIFA-2019-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության պարգևած ոգևորությունը բոլորիս մղի նոր հաղթանակների և հաջողությունների»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:
Նա առաջնության պետական հանձնաժողովի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել CONIFA-ի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Պեր-Անդերս Բլինդի, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալբերտո Ռիսկոյին, կազմակերպիչներին, աջակիցներին, կամավորներին:
Հարավային Օսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոչիև Սասլան մեզ հետ զրույցում ասել է, որ մրցապայքարում հաղթանակn իրենց հեշտ չի տրվել, մանավանդ եզրափակիչ փուլում, բայց իրենց հաջողվել է հաղթել և դառնալ CONIFA-2019-ի չեմպիոն:
Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք համոզվել ենք, որ արցախցիները շատ են սիրում ֆուտբոլ: Մենք շնորհակալ ենք մեր երկրպագուներին, ովքեր մինչև վերջին պահը մեզ հետ էին և ոգևորում էին մեր թիմին: Արցախցիները ընկերասեր են, հյուրասեր, բարի ու կամեցող: Մենք շնորհակալ են նրանց և Արցախից հեռանում ենք լավ տպավորություններով»:
Ելույթներից հետո CONIFA-2019-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մրցանակների հանձնման պատիվը տրվել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին, CONIFA-ի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալբերտո Ռիսկոին և CONIFA-ի համահիմնադիր և գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոպին:
CONIFA-2019-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի գավաթը նվաճել է Հարավային Օսիայի հավաքկանը, իսկ փոխչեմպիոնի գավաթը՝ Արևմտյան Հայաստանի հավաքականը, երրորդ տեղում է Աբխազիայի թիմը:
Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտի ողջ երկայնքով կազմակերպվել է ավտոշքերթ, որից հետո Արցախի ձայներ երաժշտական համույթը հանդես է եկել երգերով:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այլ այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ և այլք: