Artsakhpress

Մշակույթ

Լիբանանում մեկնարկել են Արցախի մշակութային օրերը

Հունիսի 10-ին Լիբանանում սկսվել են Արցախի մշակութային օրերը։

Լիբանանում մեկնարկել են Արցախի մշակութային օրերը

Լիբանանում մեկնարկել են Արցախի մշակութային օրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօրվա իր համարում տեղեկացնում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթը։
Արցախի մշակութային օրերը, որոնք նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը՝ Համազգայինի «Վահե Սեթեյան» հրատարակչատան եւ «Լյուսի Թյությունճեան» ցուցասրահի հետ համատեղ, մեկնարկել են Այնճար քաղաքում՝ «Սարգիս Զեթլյան» ժողովրդական տանը՝ տեղի «Պարույր Սեւակ» մասնաճիւղի գործակցությամբ: Մասնաճյուղի վարչության անունից բացման խոսք ասաց Լալիկ Խոշյանը՝ ողջունելով Արցախի պատվիրակության այցն Այնճար եւ անդրադառնալով Այնճարի ու Արցախի միջեւ ստեղծված եւ արդեն խոր արմատներ ունեցող անքակտելի կապին։
Համազգայինի «Վահե Սեթեյան» հրատարակչատան եւ «Լյուսի Թյությունճեան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը ներկայացրեց Համազգայինի Արցախի գրասենյակի գործունեությունը` անդրադառնալով Հայաստան-Լիբանան, ինչպէս նաեւ Արցախ-Լիբանան մշակութային կապերի հոլովույթին, որ արդեն իսկ երկար ճամփա է անցած, եւ այս կամրջումը հավելյալ աշխուժություն է հաղորդել գաղութի մշակութային ու գրական կյանքին: Ապա Հավաթյանն անդրադարձավ Համազգայինի Արցախի նորաստեղծ գրասենյակի առաքելությանը եւ բազմաբնագավառ գործունեությանը:
Իր հերթին՝ պատվիրակության ղեկավար, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը ներկայացրեց գրասենյակի գործունեության ոլորտները, ինչպես նաեւ անդրադարձավ Արցախի ժամանակակից գրականությանը եւ երիտասարդ գրողներին, որոնց հետ ստեղծված է կենդանի կապ: Նա ներկայացրեց նաեւ Համազգայինի Արցախի գրասենյակի մշակութային տարեգրքի անդրանիկ համարը, որը պիտի պարբերական բնույթ ունենա եւ որին կաշխատակցեն արցախցի մեծ թվով մտավորականներ ու մշակութային գործիչներ: Այս առիթով նա անդրադարձավ նաեւ իր հեղինակած «Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…» գրքին, որը պատմվածքների շարք է եւ ներկայացնում է իրպատանեկան տարիքի ականատեսի վկայությունը արցախյան պատերազմի մասին:
Գեղանկարչուհի Լիանա Քոչարյանը ներկայացրեց Արցախի գեղանկարչությունը՝ տեղեկություններ հաղորդելով ցուցահանդեսի մասնակից արվեստագետների մասին, նշելով, որ արցախցի գեղանկարիչներն իրենց տաղանդով պատրաստ են նվաճելու միջազգային համբավ:
«Արցախ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն անհրաժեշտ պարզաբանումներ տվեց արցախյան գորգարվեստի եւ իր ղեկավարած հիմնարկի գործունեության մասին: Նա հայտնեց, որ ավելի քան հարյուր արցախցի կանայք կաաշխատակցեն հաստատությանը՝ Ստեփանակերտի, Շուշիի եւ այլ շրջանների գորգագործական արտադրամասերում:
Արցախյան ձեռագործ արվեստի մասին խոսք ասաց արվեստագետ Սաթենիկ Հայրյանը` ներկայացնելով արցախյան տարազների եւ այլ ձեռագործ աշխատանքների նմուշներ:
Միջոցառման ավարտին արցախցի տաղանդավոր երգիչ Արթուր Խաչենցը մեկնաբանեց ազգագրական-ազգային եւ աշուղական երգեր:
Արցախի պատվիրակության անդամներն իրենց խոր հիացմունքը եւ շնորհակալությունը հայտնեցին այս առիթի համար` գնահատելով Համազգայինի նախաձեռնությունը:
Արցախյան մշակույթի օրերն այսօր երեկոյան կշարունակվեն Մարաշի հայրենակցական միության «Գերմանիկ» սրահում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search