Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ուժի մեջ են մտել զբոսաշրջիկների վարքագծի վերաբերյալ նոր օրենքները:
Հռոմում զբոսաշրջիկների համար նոր արգելքներ են սահմանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսուհետ քաղաքում տղամարդկանց կարգելվի գոտկատեղից վերև մերկ շրջել փողոցներում, Տրևիի շատրվանի մոտ կարգելվի աղտոտող ուտելիք ուտելը: Այս օրենքը կգործի մի քանի այլ տեսարժան վայրերում, գրում է The Independent պարբերականը:
Tert.am-ի փոխանցմամբ, խմելու ջրով շատրվաններից ջուր խմել հնարավոր կլինի միայն շշերով՝ առանց շրթունքներով ջրաշիթին կպչելու: Կարգելվի նաև «սիրային կողպեքներ» կախելը, լուսանկարների դիմաց գումար վերցնելը, Վատիկանի թանգարանում և Կոլիզեումում առանց հերթի ներս մտնելու համար տոմսերի գովազդը, իսկ Իսպանիայի հրապարակի աստիճանաշարի վրա կարգելվի անվավոր ճամպրուկով կամ օրորոցով տեղաշարժվելը:
Հաղորդվում է, որ որոշ խախտումների համար զբոսաշրջիկը նկատողություն կստանա, որոշ դեպքերում էլ ստիպված կլինի մինչև 450 եվրոյի տուգանք մուծել:
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռագին նշել է, որ քաղաքում զբոսաշրջիկները միշտ ողջունելի են, սակայն դա չի նշանակում, որ բնակիչները պետք է հանդուրժեն նրանց վատ պահվածքը կամ քաղաքին հասցված վնասները: