Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանի արտահերթ նիստին ընդունվել են մի շարք օրենքներ

Այսօր` հունիսի 14-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որին ներկա էին 29, բացակա`4 պատգամավոր:

Խորհրդարանի արտահերթ նիստին ընդունվել են մի շարք օրենքներ

Խորհրդարանի արտահերթ նիստին ընդունվել են մի շարք օրենքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ` ի հիշատակ հունիսի 13-ին Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի և հունիսի 1-ին հարավարևելյան հատվածում զոհված Սիփան Մելքոնյանի:
Իր խոսքում Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանն ասել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հունիսի 12-ին Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ:
ԱՀ Սահմանադրության 114-րդ և «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 37-րդ հոդվածների համաձայն՝ հունիսի 13-ին Խորհրդարանի ղեկավարի կողմից որոշում է ստորագրվել՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին: Արտահերթ նիստի օրակարգում ներկայացված էին օրենսդրական մի շարք նախագծեր:
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի կողմից նախ Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «ԱՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որին կից մոտ երկու տասնյակ օրինագծերում ևս կատարվել են լրացումներ և փոփոխություններ:
Նախարարի խոսքով՝ ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը և ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմնի կառուցվածքում գործող քննչական մարմինների հիմքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:
Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ պետական, իրավական հարցերի մշտական հանձաժողովը տվել է դրական եզրակացություն: Երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է 29 կողմ ձայնով:
Հաջորդիվ Ա. Դանիելյանը ներկայացրել է «Հանրաքվեի մասին» նոր օրենքի նախագիծ: Արդարադատության նախարարի խոսքով՝ նման օրենք Արցախում գործում է 2005 թ.-ից, սակայն 2006 թ. ընդունվել է նոր Սահմանադրություն, որին հաջորդել է 2017 թ. ընդունած երկրորդ Սահմանադրությունը: Հատկանշական է, որ 2017 թ.-ի ընդունած Սահմանադրությամբ էապես փոխվել է հանրաքվեի ինստիտուտի էությունը:
Ըստ արդարադատության նախարարի՝ ԱՀ Սահմանադրությամբ հստակ երաշխիքներ են նախատեսվել ժողովրդավարական գործընթացների անխափանության, քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարության, իշխանության գործունեության նկատմամբ համարժեք հանրային վերահսկողության իրականացման հարցերում:
Այնուհետև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետական, իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյան:
Օրենքի նախագիծն ընդունվել է 27 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս օրենքի նախագծի վերաբերյալ Խորհրդարանը կատարել է նաև երկրորդ քվեարկությունը, ըստ որի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է 10 օր: Երկրորդ քվեարկության որոշման նախագիծն ընդունվել է 27 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Այսօրվա նիստին հարկային օրինագծերի փաթեթով հանդես է եկել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Նրա խոսքով՝ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված հսկողական միջոցառումներին, 2019 թ.-ի մարտի 27-ին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցմանը:
Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո օրենքի նախագիծն ընդունվել է 25 կողմ ձայնով:
Արտահերթ նիստի օրակարգային վերջին հարցը վերաբերում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունմանը: ԱՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ օրենքի ընդունումը բխում է  Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրման, դրա կառավարման և պետական կարգավորման անհրաժեշտությունից:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը:
 
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը նշել է, որ օրենքի նախագիծը և այն համակարգը, որ պետք է ներդրվի ըստ այդ օրենքի, չի ապահովում սոցիալական արդարություն:
Պատգամավորի կարծիքով՝ քաղաքացիների ցածր վճարունակության, մշտական գնաճի, դրամի մշտական արժեզրկման, տնտեսական ոչ բավարար ակտիվության պայմաններում նպատակահարմար չէ նման համակարգի ներդրումը: Ելնելով վերոնշյալ սկզբունքներից՝ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին:
 
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է 19 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս օրենքի համար ևս սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար: Այդ նպատակով կատարված քվեարկության արդյունքում որոշման նախագիծն ընդունվել է 25 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search