Ղազախստանը պատրաստ է Բելառուսին նավթ մատակարարել:
«Պետք է համաձայնեցնել Ռուսաստանի հետ». Ղազախստանը Բելառուսին նավթ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսում Ղազախստանի դեսպան Երմուխամետ Երտիսբաևը: Վերջինս հաստատել է, որ այդ հարցը վերջերս քննարկվել է երկու երկրների կառավարությունների մակարդակով, հայտնում է Tert.am-ը:
Դեսպանը նշել է, որ հունիսի 3-ին Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի և Բելառուսի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինի միջև տեղի ունեցած հանդիպման ամբողջ օրը նվիրված է եղել նավթի մատակարարման հարցին: Դիվանագետը, սակայն, հիշեցրել է, որ հարկավոր է նավթի տարանցման հարցը համաձայնեցնել Ռուսաստանի հետ:
Մայիսին Լուկաշենկոն Մինսկում Երտիսբաևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր ակտիվացնել ղազախական նավթը Բելառուս մատակարարելու մասին բանակցությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել էր բենզինի և դիզելային վառելիքի՝ Բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումն այն բանից հետո, երբ բելառուսական նավթային ընկերությունը հայտնել էր Ռուսաստանից եկող նավթի որակի կտրուկ վատացման մասին, մասնավորապես՝ Մոզիրի նավթամշակման գործարանը հայտարարել էր, որ անորակ հումքի պատճառով գործարանի թանկարժեք սարքավորումը շարքից դուրս է եկել: