ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ողջունել է վրացական կողմի նախաձեռնությունը` ռուս փորձագետներին ուղեկցել Թբիլիսիի Լուգարի անվան ամերիկյան լաբորատորիա` ստուգումների նպատակով:
Ռուս փորձագետները կայցելեն Թբիլիսիում գտնվող Լուգարի անվան ամերիկյան լաբորատորիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին Կարասինը Վրաստանի «Իմեդի» ՀԸ-ին ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հերթական հանդիպումից հետո:
«Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին ռուս փորձագետներին Լուգարի լաբորատորիա այցելելու առաջարկ անելու համար: Պայմանավորվել ենք, որ Վրաստան այցից առաջ փորձագետները պետք է հանդիպեն և պայմանավորվեն մանրամասների վերաբերյալ. ինչո՞ւ են ժամանում և ի՞նչ պետք է տեսնեն»,- ասել է Կարասինը:
Նրա խոսքով` մասնագետները շահագրգիռ են ուսումնասիրել լաբորատորիայի գործունեությունը, հարցեր տալ, ստանալ դրանց վերաբերյալ լիարժեք պատասխաններ: Կարասինը դժվարացել է նշել ճշգրիտ ամսաթիվը, երբ փորձագետները կայցելեն Վրաստան: