Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրն Իրանի արտգործնախարարություն է կանչվել:
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Լոնդոնի հայտարարությունից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատճառն Օմանի ծոցում լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ Լոնդոնի «անընդունելի» հայտարարությունն է, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ISNA գործակալությունը:
Դեսպանին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հայտարարության առնչությամբ խիստ բողոք են արտահայտել՝ նշելով, որ բրիտանական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի ուշ մի խումբ ցուցարարներ փակել են Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան միակ մուտքը՝ թույլ չտալով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին աշխատավայր մուտք գործել:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել ականակիր նավից, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել, սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է: Տուժած նավերի անձնակազմերի բոլոր անդամները տարհանվել են Իրանի տարածք:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Հանթը հայտնել էր, որ վստահում է միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ի գնահատականին՝ չկասկածելով, որ մեղավորն Իրանն է:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը նույնպես միջադեպի համար մեղադրել է Իրանին՝ կոչ անելով միջազգային հանրությամը «վճռական դիրքորոշում» զբաղեցնել: