Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Հադրութ շրջկենտրոն:
Նախագահն այցելել է Արաքսավան եւ հանդիպել այնտեղ կազմակերպված երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին այցելել է Հադրութ շրջկենտրոն:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի հրամկազմի եւ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ Նախագահն այցելել է Հադրութի շրջանի Արաքսավան գյուղ եւ հանդիպել այնտեղ կազմակերպված երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Դիմելով Արցախը եւ Սյունիքը ներկայացնող մոտ 700 երիտասարդներին` Նախագահը նշել է, որ լայնածավալ համապետական ծրագրերի իրականացումը մեծապես կախված է երիտասարդությունից: Երկրի ղեկավարի խոսքով, եթե երիտասարդությունը զգա ծրագրի կարեւորությունն ու հրատապությունը եւ պատրաստ լինի ակտիվորեն ներգրավվել, ապա ցանկացած խնդիր կարող է եւ պետք է հաջողությամբ լուծվի: Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ մատաղ սերունդն ի վիճակի է շարունակել ավագների գործը եւ ունի անսպառ եռանդ, հայրենասիրական ոգի ու համախմբված է հայրենիքին սատար լինելու եւ նրա պայծառ ապագան կերտելու սուրբ գաղափարի շուրջ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Սյունիքից ժամանած պատվիրակությունը` մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք: