Tert.am-ը քաղաքագիտության դոկտոր, ամերիկահայ Վիգեն Հովսեփյանի հետ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին սպասվող հանդիպումից իր ակնկալիքների մասին:
ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում ակտիվացումն ընթացիկ պարտականություն է՝ բավարարելու խաղի մեջ մնալու իր ցանկությունը․ Վիգեն Հովսեփյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին
-Բավականին երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, նախաձեռնողականություն չէր դրսևորում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելելու է Վաշինգտոն՝ այնտեղ արդեն հունիսի 21-ին հանդիպելու Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Ի՞նչ է նշանակում արտգործնախարարների հերթական հանդիպման կազմակերպումը նախաձեռնելը՝ պարզապես պարտականության կատարո՞ւմ, քանի որ գործընկեր երկրներն արդեն կազմակերպել էին, թե՞ որոշակի ակտիվություն հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ իր մեջ պարունակող «մեսիջներով»:
- Քաղաքականության, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ որևէ երևույթ վերլուծելու համար շատ կարևոր է նկատի ունենալ համատեքստը: Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը մոտ երկու տարի է՝ արտասովոր կերպով ակտիվացել է արտաքին ճակատի ուղղությամբ, և դա մեծամասամբ թելադրված է Թրամփի ներքին քաղաքական դժվարություններից ուշադրություն շեղելու անհրաժեշտությամբ:
Ներքին քաղաքական թատերաբեմի գործընկերները ևս՝ ինչպես օրինակ՝ հրեական լոբբին, առավելագույնս օգտվում է այս իրավիճակից՝ իր ակնկալիքներն առաջադրելով՝ զորակցության դիմաց: Այս ակտիվացումը նշելուց հետո, պետք է մեկ անգամ ևս հաստատել, որ ԱՄՆ-ի հատկապես վարչական թևը՝ Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը, Պենտագոնը և այլն, ոչ մի հույս չի ստեղծում, որ արցախյան բանակցություններում տնօրինող դեր կստանձնի:
- ՀՀ ԱԳՆ–ը հանդիպման մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։ Կարծո՞ւմ եք՝ հայկական կողմը Վաշինգտոնում կկարողանա՞ օրակարգ թելադրել, որո՞նք պետք է լինեն, Ձեր կարծիքով, այդ գերակայությունները:
- Դժվար թե հայկական կողմը կարողանա օրակարգ «թելադրել: Սակայն գնահատելի է, երբ հայկական կողմը հարցեր է բարձրացնում և պատասխաններ է պահանջում՝ շարունակաբար պաշտպանողական դերի մեջ հայտնվելու փոխարեն: Վերջապես ադրբեջանական կողմը ռազմատենչ հռետորաբանությունն ու սահմանի վրա կատարած խախտումները շինծու խնդիրներ չեն, ստուգելի են, և որևէ ողջամիտ բանակցային գործընթաց պետք է որ այդ իրողությունների հետ հաշվի նստի՝ նախքան ավելի մեծ և հիմնարար հարցերը քննարկելը:
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կախված Միացյալ Նահանգներից․արդյոք երկիրը տրամադրվա՞ծ է բանակցային գործընթացը տեղափոխել առավել խաղաղ հուն և նաև հանդես գալ հիմնախնդրի լուծման սեփական առաջարկներով:
- Մեկ այլ հարցի պատասխանելով՝ հաստատեցի, որ ըստ իս, ԱՄՆ-ը արցախյան բանակցությունների գծով խաբկանք չունի, թե կկարողանա ուղղություն տնօրինել: Տարածաշրջանում ԱՄՆ-ի թիվ մեկ կիզակետը Իրանն է: Իրանը նաև Թրամփի վարչակարգի համար կունենա ներքին առնչություն այնքան ժամանակ, որքան նա խիստ կարիք կունենա հրեական լոբբիի զորակցության: Դժվար թե Թրամփի վարչակազմը ներկայումս Ձեր նշած՝ «լուծման սեփական առաջարկները» սեղան բերելու նկրտումներ ունենա՝ գեթ իրերի այս դրությունը հաշվի առնելով:
- Պետք է նկատել, որ հայկական կողմը վերջին մեկ տարում խոսում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում խաղաղության օրակարգի առաջմղման մասին: Տևական հանգստությունից հետո ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ անցավ առավել կոշտ, ռազմական հռետորաբանության: Ի՞նչ տպավորություն եք ստանում հայկական կողմի գործողություններից:
- Պետք է ասել, որ հայկական կողմը բավականին պարկեշտ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացում: Ճիշտ է, որ ադրբեջանական կողմը մեծ անհանգստություն ցուցաբերեց ԱԱԾ տնօրենի Արցախ կատարած այցի և ապա պաշտպանության նախարարի ծանոթ հայտարարությունների պատճառով: Բայց ուրիշ ի՞նչ հայտարարություն կարող է անել հայ մարդը, առավել ևս ղեկավարը, ի պատասխան ադրբեջանական արկածախնդրությունների:
Վերջապես հայկական կողմի համար Արցախը և Արցախի բնակչության իրավունքներն ու ապահովությունը կապված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների, այլ նաև՝ ազգային ռազմավարության լրջագույն հրամայականների հետ: Եթե Ադրբեջանը լուրջ է խաղաղություն հաստատելու օրակարգի մեջ, պետք է օր առաջ ընդունի վերոնշյալ հրամայականներն ու դրանցով թելադրվող իրականությունը, որքան էլ այս վերջինն ընդունելը բարդ է և ցնցող: