Ինտերպոլի նախկին ղեկավար, Չինաստանի հանրային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Մեն Հունվեյն այսօր դատական նիստի ժամանակ ընդունել է կաշառք վերցնելու համար իր դեմ առաջադրված մեղադրանքը:
Ինտերպոլի նախկին ղեկավարն ընդունել է կաշառք վերցնելու համար իր դեմ առաջադրված մեղադրանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ Չինաստանի Գերագույն ազգային դատախազության հայտարարությանը հղումով:
Հաղորդման համաձայն՝ դատական նիստի ժամանակ դատախազության մարմիններն ընթերցել են մեղադրական եզրակացությունը, ներկայացրել դրանում առկա ապացույցները: Պատասխանողին և նրա դատապաշտպանին նույնպես խոսքի հնարավորություն է տրվել, այնուհետև խաչաձև հարցաքննություն է անցկացվել, որից հետո մեղադրյալն ընդունել է իր մեղքը և զղջում հայտնել:
Գործով դատավճիռը կկայացվի ավելի ուշ: Հստակ ժամկետների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է, որ Մեն Հունվեյը երկար տարիներ ծառայողական դիրքն օգտագործել է հօգուտ իր անձնական և երրորդ անձանց շահերի, թանկարժեք նվերներ և գումարի տեսքով խոշոր կաշառքներ է ստացել, իսկ ստացած միջոցների ընդհանուր թիվը մոտ 2,1 մլն դոլար է կազմել: