ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է տարբեր պատկերների համադրումից ստեղծված տպավորիչ լուսանկար, որը հնարավորություն է տալիս մոտիկից ուսումնասիրելու Սերես գաճաճ մոլորակի մակերևույթի մի մասը:
«Մարդկությունը նախկինում այսպիսի բան չի տեսել». ՆԱՍԱ-ն հրապարակել է Սերես մոլորակի լեռան պատկերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Daily Mail-ը, ըստ որի լուսանկարները, որոնք հիմք են ծառայել ստորև ներկայացված պատկերի ստեղծման համար, արվել են ՆԱՍԱ-ի Dawn արբանյակի միջոցով: Սարքը գաճաճ մոլորակին էր մոտեցել 2015թ.:
Լուսանկարում ներկայացված է լեռ, որի կազմության մասին ոչինչ ստույգ հայտնի չէ: Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել մոլորակի ներսից ժայթքած ցեխային գոյացություն, որը մակերևույթին հայտնվելուց հետո սառել է:
Լեռը ստացել է Ահունա Մոնս անվանումը:
«Ահունա Մոնսը Արեգակնային համակարգում մեզ հայտնի երկնաքարի վրա գտնվող ամենամեծ լեռն է»,-ասվում է ՆԱՍԱ-ի հայտարարությունում: Պարբերականը մանրամասնում է, որ Սերեսը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև ընկած երկնաքարերի գոտու հատվածում, այդ իսկ պատճառով ՆԱՍԱ-ն այն «երկնաքար» է անվանում:
Գործակալության մասնագետները նաև ընդգծել են, որ արտասովոր լեռը նման չէ նախկինում մարդկության տեսած որևէ բանի:
950 կմ լայնությամբ Սերեսը հայտնաբերվել է 1801թ.: Այն Արևին ամենամոտ գտնվող գաճաճ մոլորակն է, որը թեև գաճաճ մոլորակների շարքում ամենափոքրն է, սակայն երկնաքարերի գոտում ամենամեծ տիեզերական օբյեկտն է: