Այսօր՝ հունիսի 22-ին, Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում վառվեց համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը:
Տիգրանակերտում վառվեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահի վառման արարողությունը կատարվել է պատմական սցենարով: Ըստ ներկայացման Տիգրան Մեծ թագավորն իր զորախմբով Տիգրանակերտի բարձունքից իջեցրել է ջահը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահի վառման պատիվը տրվել է 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՊԲ N զորամասի ավագ լեյտենանտ Արթուր Աղասյանին:
Մեզ հետ զրույցում Արթուր Աղասյանն ասել է, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահի վառման պատվին արժանանալն իր համար մեծ խորհուրդ ունի:
Միջոցառմանը ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ նշել է, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերը մեծ նշանակություն կունենան Արցախի մարզամշակութային կյանքում և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:
«Մեզ համար շատ կարևոր է Արցախում համախմբված տեսնել աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր հայ երիտասարդների: Ուրախալի է,որ արդեն սփյուռքահայ նոր սերունդը պետք է ծանոթանա Արցախին, շփվի և կապեր հաստատի արցախցու հետ: Նրանք այսուհետ միշտ կկապվեն իրենց հայրենիքի հետ և չեմ բացառում, որ նրանցից շատերի համար այն կլինի տունդարձի նոր ճանապարհի սկիզբ»,-մասնավորապես ասել է նա:
Ըստ ԱՀ մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ բոլորի համար խորհրդանշական է Համահայկական 7-րդ ամառային խաղերի երրորդ ջահի վառումը Տիգրանակերտում:
«Տիգրանակերտը մեր պատմամշակութային ժառանգությունն ու պատմական հիշողությունն է և շատ ուրախալի է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն որոշել է ջահը վառել հենց այստեղ: Այն մեր դարավոր ժառանգություններից և տարածաշրջանի կարևոր հուշարձաններից մեկն է, և նրա հանրահռչակումը մեր բոլորիս պարտքն է»,-ավելացրել է նախարարը:
Հանդիսավոր արարողությնը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և այլք: