Artsakhpress

Քաղաքական

Զոհրաբ Մնացականյանը և Արման Թաթոյանը մասնակցել են «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառմանը

ՄԱԿ Ժնևի գրասենյակում հունիսի 24-ին  տեղի ունեցավ «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառումը, որ կազմակերպվել էր Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից:

Զոհրաբ Մնացականյանը և Արման Թաթոյանը մասնակցել են «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառմանը

Զոհրաբ Մնացականյանը և Արման Թաթոյանը մասնակցել  են «Հայաստան. ժողովրդավարական անցման մեկ տարին» խորագրով միջոցառմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոսներ հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական առաքելությունների և ՄԱԿ տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նախարար Մնացականյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հավակնոտ բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, արդարադատության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը: 
«Այս հեղափոխությունն ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է հասնել, ըստ էության, ամենակարևոր հանգրվանին՝ իրապես ազատ և անկողմնակալ դատական համակարգի ձևավորմանը, և սա է այսօրվա ամենամեծ առաջնահերթությունը: Այս անգամ ևս կառավարությունը միանգամայն վճռական է՝ իրականացնելու գործնական և իրավական բարեփոխումներ՝ հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար: Մենք հավատացած ենք, որ սա ներկա փուլի գերնպատակն է, և այս հարցում համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի հետ՝ որպես փորձի և գիտելիքի կարևոր աղբյուր»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկրում տեղի ունեցող գործընթացներում մեծապես կարևորեց քաղաքացիական հասարակության դերակատարությունը` նշելով, որ հեղափոխությունն ի ցույց դրեց վերջինիս զորությունը, Հայաստանի հասարակության քաղաքական հասունության և իրավագիտակցության բարձր մակարդակը, կառավարության հաշվետվողականությունը հասարակության առջև, որն իրականացվում է տարբեր խողովակներով, այդ թվում՝ լրատվամիջոցների միջոցով։ 
Եզրափակելով խոսքը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ 2018թ ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները լիովին և բացառապես վերաբերում էին Հայաստանին: «Միակ դրոշը, որ ցույցերի ժամանակ ծածանվում էր  հրապարակներում և փողոցներում, Հայաստանի եռագույնն էր: Եվ դա էր ուղերձի ողջ էությունը: Մեր հեղափոխության մեջ աշխարհքաղաքականություն չկար: Դա մեր ներքին խնդիրն էր՝ կառուցել մեր երկիրն այն մոդելի հիման վրա, որն ընտրել էինք անկախության վերականգնումից հետո: Սա պատասխանատու կառավարություն է, որը շարունակելու է շատ զգայուն լինել ազգային անվտանգության հարցերի նկատմամբ, այնպես որ այդ մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է: Մենք հավատարիմ ենք մեր միջազգային պարտավորություններին, հավատարիմ ենք մեր բոլոր գործընկերների հետ հարաբերություններին և շարունակելու ենք նույն ձևով»:
Բանախոսների ելույթներին հետևած հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկվող քայլերին, կանանց օրակարգը գլոբալ միջազգային մակարդակով առաջ մղելու գործում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
Ի պատասխան ադրբեջանցի դիվանագետի՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Հայաստանը վստահ է ներկայումս տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացի վրա և հավատացած, որ ժողովրդավարությունը տարածաշրջանում, տարածաշրջանի բոլոր երկրներում մեծ ներդրում կլինի ողջ տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը։ Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ ես հնարավորություն ունեցել եմ այսօր արդեն իսկ խոսելու դրա մասին և ցանկանում են նորից ընդգծել, որ Արցախը մարդիկ են։ Արցախում բնակվում են 150․000 իրական մարդիկ՝ իրենց անուններով, ընտանիքներով և լուրջ կենսական ֆիզիկական անվտանգության մտահոգություններով։ Ինչու՞։ Որովհետև չեմ ցանկանում հիշեցնել, բայց Ադրբեջանի իրավասության տակ գտնվելու 70 տարիները Լեռնային Ղարաբաղի համար եղել են  շարունակական և համակարգային խտրականության ժամանակահատված։ 1990-ականների սկզբին ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի ավելի քան 40 տոկոսը Ադրբեջանի վերահսկողության տակ էր, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 40 տոկոսը ենթարկվել էր էթնիկ զտման։ Կար մի պահ, երբ կարող էր որևէ քննարկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չլիներ, քանի որ կարող էր Լեռնային Ղարաբաղ պարզապես չլիներ։ Այնուհետև կար կառավարության կողմից ուղղորդվող ատելության շարունակական քարոզ, հայատյացություն, ինչն էլ հանգեցնում է մեր կողմից գոյաբանական, ֆիզիկական անվտանգության սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունների աճին։ Մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումը դրա վառ օրինակն է։ Երբ հոգեպես անհավասարակշիռ մեկը գիշերվա կեսին սպանում է քնած հայ սպայի, ապա վերադառնում Ադրբեջան, որտեղ նրան դիմավորում են որպես ազգի հերոսի միայն այն բանի համար, որ նա հայ է սպանել. սա Ադրբեջանի հասարակության համար մտածելու տեղիք է տալիս։
Երբ նույն բանը կրկնվում է 2016թ. ապրիլին՝ Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ՝ ի նշան քաջալերման, դա նույնպես Ադրբեջանի հասարակության համար մտածելու տեղիք է տալիս: Այսպիսով, այս ամենը վերաբերում է մարդկանց, Լեռնային Ղարաբաղում գտնվող 150 հազար մարդկանց և նրանց ֆիզիկական գոյության անվտանգությանը: Այս մարդկանց համար չկա անվտանգության այլ համակարգ, քան այսօր գոյություն ունեցողը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քանի որ այլ երաշխիք չկա: Արդյո՞ք մենք կընդունենք մի իրավիճակ, որտեղ կրկին կառերեսվենք ոչնչացմանը: Ո՛չ։ Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն: Անշո՛ւշտ: Արդյո՞ք խաղաղությանն այլընտրանք կա: Սա նույնպես մտածելու տեղիք է տալիս»:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search