Artsakhpress

Հասարակական

Կայացել է «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը՝ նվիրված 2016 թվականին Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս մարտիկներին:

Կայացել է «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը

Կայացել է «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը: Նա, ողջունելով ներկաներին, ասել է, որ Գոհար Մարտիկյանը, Արցախյան պատերազմում որդուն կորցնելուց հետո, իր կյանքը նվիրել է մեր զոհված ազատամարտիկների հիշատակի հավերժացմանը:
«Ապրիլյան քառօրյան ապացուցեց, որ հայ ազգի դաշնակիցը միայն հայ ժողովուրդն է, աշխարհասփյուռ հայությունը և հայոց   բանակը: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր թագավոր սերունդն ապացուցեց, որ ինքն արժանապատիվ կեցվածք ունի: Մենք մեր հույսն այլոց ողորմածության վրա չդրեցինք և մեր քաջարի տղաների շնորհիվ պաշտպանեցինք մեր հայրենիքը: Ապրիլյան պատերազմի մասին ստեղծվել են մի շարք աշխատություններ, գրվել երգեր ու բանաստեղծություններ: Ասում են պատմագրել նշանակում է կռիվ տալ ժամանակի հետ և թույլ չտալ, որ ժամանակը սպանի ազգի անցյալը: Պատմագրությունն անավարտ վեպ չէ, այլ չավարտված  ճակատամարտ: Այսօր մեզ նորից հյուր է եկել մի ազնիվ տիկին, մի վշտահար մայր՝Գոհար Մարտիկյանը: Նրա որդին՝ Աշոտ Չախոյանը, եղել է Արցախյան պատերազմի  առաջին օրերի զոհերից մեկը:«Ապրելու բանաձև» մատենաշարը բաղկացած է 12 հատորներից: 2002 թվականից Մարտիկյանը ձեռնամուխ է եղել այս վավերագրական գրքերի ստեղծմանը»,-մասնավորապես ասել է Մ.Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա գրող, լրագրող Միքայել Հաջյանն իր ելույթում նշել է, որ գիրքը հեղինակի մայրական խոնարհումն է բոլոր նահատակված տղաների հիշատակի առջև:
«Ես ինքս գրչի մարդ եմ և պատկերացնում եմ Գոհար Մարտիկյանի կողմից կատարված այս հսկայական, վիթխարի, անչափելի աշխատանքի հզորությունը: Կատարելը ոչ միայն գրելն է, այլ նաև գրքի հերոսներից յուրաքանչյուրի կյանքն ապրելն ու վերապրելը՝ հարազատների հետ միասին: Ես խոնարհվում եմ հեղինակի կամքի, աշխատասիրության, հայրենասիրության ու նվիրվածության առջև: Անհրաժեշտ է, որ պատմությունը մշտապես գրի առնվի  և  Գոհար Մարտիկյանն այս մեծ, ծանր ու շնորհակալ առաքելությունը բեռնել է իր նուրբ ուսերին: Բոլոր որդեկորույս ծնողների նման ես նույնպես հպարտ եմ իմ զավակով, հպարտ եմ, որ մենք այդպիսի սերունդ ենք մեծացրել, ովքեր ապահովել են մեր խաղաղությունը հայոց երկնքի տակ»,-ասել է նա:
Շնորհանդեսին  հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ, ազգային երգերով  ու  պարերով  հանդես են եկել  Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները և ԱՀ պաշտպանության բանակի «Ասպետ» համույթը:
Գրական գործունեության միջոցով  Արցախյան ազատամարտի հերոսների սխրանքները հավերժացնելու և ՊԲ անձնակազմի շրջանում իրականացրած հայրենանվեր աշխատանքների համար ԱՀ ՊԲ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հրամանով Գոհար Մարտիկյանը պարգևատրվել է պատվոգրով:
Զոհված ազատամարտիկների հարազատների միության կողմից նույնպես Մարտիկյանն արժանացել է պատվոգրի, իսկ «Մայրություն» ՀԿ նախագահ  Հասմիկ Միքայելյանի կողմից նրան է հանձնվել «Մայրական երախտագիտություն» մեդալ:
«Ապրելու բանաձև» մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն էլ շնորհակալություն է հայտնել ներկաներին իր աշխատանքը գնահատելու և նման ուշադրության արժանացնելու համար:
«Ես մեծ սիրով եմ գալիս Արցախ՝ տեսնելու այն ավելի շենացած, ամուսնություններով ու մանուկներով բազմացած: Այսօր բեմում ամբողջ արցախցու ոգին էր: Մարդ պետք է միշտ իր հողի վրա լինի, որպեսզի կարողանա պաշտպանել ու պահել իր հայրենիքն ու ոգին: Մեր տղաներն ապացուցեցին, որ խուժան ասկյարն իրավունք չունի ոտքը դնելու հայոց հողի վրա, որովհետև մենք այստեղ ունենք այնպիսի ուժ ու կորով ու այնպիսի հող, որի վրա ոտքդ դնելով դառնում ես առյուծ»,-մասնավորապես ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Search