Այսօր՝ հուլիսի 5-ին, «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրվել է «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը՝ Երևանում գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանների կողմից:
Ստեփանակերտում բեմադրվել է «Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանն ասել է, որ Մհեր Մկրտչյանի 89-ամյակի կապակցությամբ իրենք ներկայացումներով հանդես են գալիս Արցախում:
«Մենք առաջին անգամ չենք Արցախում և թատրոնում բեմադրված մեր բոլոր ներկայացումներն արդեն հասցրել ենք ներկայացնել արցախցի հանդիսատեսի ուշադրությանը:«Մի կաթիլ հեքիաթ» ներկայացումը բեմադրված է Թումանյանի հեքիաթների հիման վրա: Առաջնախաղը բեմադրվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ մեկ տարի առաջ: Այն ներկայացնում է հեքիաթներում կատարված փոքրիկ դեպքերը, որից մեծ պատմություններ ու խնդիրներ են առաջացել և փորձում ուսուցանել հանդիսատեսին, որպեսզի նման սխալներ թույլ չտան, լինեն հնարավորինս հասկացող ու չկանգնեն նման խնդիրների առաջ: Ներկայացումը նախօրեին բեմադրվել է նաև Շուշիում»,-մասնավորապես ասել է Ս.Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանների կողմից կբեմադրվի նաև «Սիրում եմ քեզ» ներկայացումը: