Եռոօրյա այցով Արցախում են գտնվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցները՝ կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ղեկավարությամբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ԱՀ և ՀՀ հարկային մարմինների միջև
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախօրեին տեղի ունեցավ Արցախի և Հայաստանի հարկային մարմինների համատեղ քննարկումներ՝ տեղեկատվական ոլորտում ունեցած ձեռքբերումների, առաջիկա անելիքների, ինչպես նաև առողջ թիմային միջավայր ստեղծելու ու թիմային որոշումներ կայացնելու շուրջ: Հյուրերին ողջունեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ կարևորելով նման այցերը:
«Ժամանակակից պայմաններում խիստ կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը, որը համարվում է բարեփոխումների իրականացման առանցքային գործիք և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել գործընթացները: Այսօր պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել՝ կիրառելով նորարար տեխնոլոգիաներ,-իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով կոմիտեի ղեկավարությանն ու անձնակազմին՝ փորձի փոխանակման, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և մի շարք այլ բնագավառներում արդյունավետ փոխգործակցության համար:Իր հերթին Պեկ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը շնորհակալություն հայտնելով արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու համակարգերի տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում գերատեսչությունների աշխատակիցները ներկայացրել են շնորհանդեսներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: