Արդեն 12-րդ տարին է, ինչ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյան Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների օգնության հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանը Բերձորում կազմակերպում է ծառատունկ, որին մասնակից են լինում Երևանի մայր բուհի ուսանողները:
Բերձորի Մոնթե Մելքոնյանին նվիրված պուրակում ծառատունկ է կատարվել
Արդեն 12-րդ տարին է, ինչ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյան Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների օգնության հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանը Բերձորում կազմակերպում է ծառատունկ, որին մասնակից են լինում Երևանի մայր բուհի ուսանողները: Այդ ծառատունկների արդյունքում այժմ Բերձորում գոյություն ունեն մի քանի պուրակներ՝ նվիրված Երևանի պետական համալսարանին, Մոնթե Մելքոնյանին, Ստեփան Ալաջաջյանին, Լեդի Քոքսին և այլն: Տարիների ընթացքում տնկվել են բազում ընկուզենիներ, որոնցից շատերն արդեն բերք են տալիս:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, (Զոհրաբ Ըռքոյան) ապրիլի 27-ին Մոնթե Մելքոնյանին նվիրված պուրակում շարունակվեց այդ բարի ավանդույթը, որին մասնակցեցին մոտ 100 ուսանողներ Երևանի պետական համալսարանից, դասախոսներ, բարձր դասարանների աշակերտներ Բերձորում գործող 2 հանրակրթական դպրոցներից, շրջվարչակազմի աշխատակիցներ՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց Գ. Մելիքյանը, այս տարիների ընթացքում Արցախում կազմակերպված ծառատունկներին, որը սկսվել է դեռ Մաճկալաշեն գյուղից, միշտ մասնակից է դարձրել հատկապես ուսանողներին, քանի որ ծառ տնկելու միջոցով փորձել է հնարավորինս նրանց կապել արցախյան հողի հետ: «Ծառ տնկելը սուրբ գործ է և համոզված եմ, որ այս երիտասարդների մեծ մասը այս հողին ծառ պահ տալով ավելի է սիրելու իր հողը ու անպայման նորից վերադառնալու է»,- ասաց Գ. Մելիքյանը: