Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Բեռլինում բանակցություններից առաջ երկու երկրների ազգային օրհներգերն ունկնդրել են նստած:
Ցնցման նոպաների պատճառով Մերկելին թույլ են տվել ազգային օրհներգի ժամանակ նստած մնալ
Արարողակարգը փոխվել է Մերկելի հատուկ խնդրանքով՝ խուսափելու համար վերջերս նրա մոտ նկատվող ցնցման նոպաներից, ընդ որում՝ վերջերս նրա մոտ նոպաները նկատվել էին այն ժամանակ, երբ կանցլերը ստիպված էր եղել երկար ժամանակ կանգնած մնալ:
Օրերս Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել էր: Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան էր հանրության առաջ:
Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:
Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները, սակայն կանցլերը հայտարարել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է:
«Ինձ հետ ամեն ինչ կարգին է, չարժե իմ մասին անհանգստանալ: Արդեն ասել եմ, որ աշխատում եմ այդ ուղղությամբ, գործընթացը դեռևս ավարտված չէ, բայց առաջխաղացում կա, ես որոշ ժամանակ պետք է հանդուրժեմ սա: Կարծում եմ, որ դա կանցնի այնպես, ինչպես սկսվեց, և ես լիովին ունակ եմ իմ պարտականություններն իրականացնելու»,- ասել էր Մերկելը՝ առանց նոպաների պատճառը հստակեցնելու: