«Տիգրանակերտ»-ում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը:
«Տիգրանակերտ»-ում կայացել է «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:
Նա ասել է, որ «Համազգային» Արցախի մշակութային-գրական տարեգրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Լիբանանի Այնճար քաղաքում, որից հետո այն ներկայացվել է Բեյրութում:
Ըստ Հ. Ավագյանի՝ տարեգրքի խորագիրը պատահական չէ ընտրված. այն խորհրդանշում է ինչպես Համազգային հայ կրթական և մշակութային միության անվանումը, այնպես էլ՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի համար Արցախ բնօրրանը, որը հայ ժողովրդի հայրենիքի անքակտելի մասնիկն է:
Գրասենյակի տնօրենը նշել է նաև, որ տարեգրքի շնորհանդեսի վայրը՝ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցոը, ևս պատահական չէ ընտրված. գրքի շապիկին պատկերված է հենց Տիգրանակերտը:
«Մենք նպատակ ունենք աշխարհի տարբեր երկրներում գործող Համազգայինի գրասենյակների միջոցով ամենուր տարածել տարեգիրքը: Այս գիրքը կամուրջ կհանդիսանա Արցախի և Սփյուքռի միջև: Տարեգրքի առաջին հոդվածը նվիրված է Արցախի Տիգրանակերտին: Մենք ընթերցողին ծանոթացնում ենք Արցախի հնագույն պատմամշակութային վայրերին: Առանձին հոդվածներով գրքում անդրադարձել ենք Արցախի մշակութային տարբեր ոլորտների: Մշակութային բաժնում փորձել ենք Արցախը ներկայացնել որպես հայկական մշակույթի բնօրրան: Անդրադարձ ենք կատարել Արցախի գրականությանը, երգարվեստին, պարարվեստին, գորգագործությանը»,-մասնավորապես ասել է Հ. Ավագյանը:
Միջոցառմանը ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում ասել է, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը կապող օղակ է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի կրթական և մշակութային ոլորտների համար:
«Գրասենյակի գործունեության մեկ տարվա ընթացքում համատեղ ուժերով կյանքի ենք կոչել մի շարք ծրագրեր: Գրասենյակը իրականացնում է համակարգված աշխատանք, որի ապացույցներից մեկն էլ տարեգիրքի շնորհանդեսն է: Գիրքը նաև նոր հարթակ է երիտասարդ գրողների, մշակութաբանների և արվեստաբանների համար»,-ավելացրել է Լ. Հովհաննիսյանը:
Գրող, լրագրող Միքայել Հաջյանը ևս կարևորել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի գործնեությունը՝ ընդգծելով, որ կառույցի տնօրեն Հերմինե Ավագյանի շնորհիվ պարբերաբար իրականցվում են հետաքրքիր ծրագրեր
Միջոցառման ընթացքում երգերով հանդես են եկել արցախցի և լիբանանահայ երգիչներ Արթուր Խաչենցը և Գևորգ Հաճյանը: