Artsakhpress

Վերլուծական

Թուրքական հակահայկական լոբբին տարածվում է մինչև Կոլումբիայի Արմենիա քաղաք

«Բրայթբարդ» (Breitbart) կայքէջում հրապարակված Ֆրենսիս Մարտելի հոդվածը նկարագրում է թուրքական լոբբիստական ջանքերը Կոլումբիայի Արմենիա քաղաքում, որը հիմնադրվել է 1889 թվականին և նախկինում կրել է Վիլլա Հոլգին անվանումը:

Թուրքական հակահայկական լոբբին տարածվում է մինչև Կոլումբիայի Արմենիա քաղաք

Թուրքական հակահայկական լոբբին տարածվում է մինչև Կոլումբիայի Արմենիա քաղաք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ Վիքիպեդիայի՝ հարավամերիկյան այս քաղաքն իր անունը փոխել է Արմենիա «ի հիշատակ հայ ժողովրդի, որը կոտորվել է թուրք օսմանցիների կողմից 1894-97 թթ. համիդյան ջարդերի, իսկ հետո 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության  ժամանակ»: Որոշ պատմաբաններ վիճարկում են այս պնդումը՝ քաղաքի անվան ծագումը վերագրելով Հայաստանի մասին Աստվածաշնչյան հիշատակմանը:
Կոլումբիայի Բոգոտա քաղաքում թուրք դեսպան Էսե Օզթուրք Չիլը 2018 թ. դեկտեմբերի 14-ին և 2019 թ. հունվարի 11-ին երկու նամակ է հղել Կոլումբիայի Արմենիա քաղաքի քաղաքապետին՝ հրավիրելով նրան և քաղաքային խորհրդի տասը անդամների այցելել Թուրքիա՝ որպես թուրքական կառավարության պաշտոնական հյուրեր:
2019 թ. փետրվարի 3-ին հատուկ կիրակնօրյա գիշերային նստաշրջանում Արմենիայի քաղաքային խորհուրդը 12 կողմ, 6 դեմ քվեարկությամբ հաստատել է քաղաքապետ Օսկար Կաստելլանոսի և Արմենիայի քաղաքային խորհրդի ինը անդամների այցը Թուրքիա՝ 2019 թ. փետրվարի 6-13-ը: Այցի ընթացքում քաղաքապետը և քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի, Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ և այցելել Անկարայի համալսարանի Լատինական Ամերիկայի ուսումնասիրությունների կենտրոն: Նրանք հանդիպել են նաև թուրք գործարարների հետ և այցելել Կապույտ մզկիթ ու Գրանդ բազար:
Ուղևորությունը բուռն վեճերի առիթ դարձավ Կոլումբիայում: Արմենիա քաղաքի բազմաթիվ բնակիչներ դեմ էին այդ այցելությանը՝ քաղաքապետի և ինը անդամների բացակայության պատճառով այն ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր տնտեսական խառնաշփոթի և վատ ղեկավարման մեջ: Անցած երեք տարիներին Արմենիայի հինգ քաղաքապետերը հեռացվել էին կոռուպցիայի պատճառով: Քաղաքացիները կարծում էին, որ նոր քաղաքապետը պետք է մնար տանը և հոգ տաներ քաղաքի գործերի մասին: Տարածաշրջանային գլխավոր դատախազը հետաքննություն սկսեց թուրքական ուղևորության վերաբերյալ՝ քաղաքապետի և խորհրդի անդամների կողմից կատարած խախտումները ստուգելու համար: Նրանց պետք է նաև հետաքննեն՝ Թուրքիա այցելելիս իրենց «առատաձեռն» հյուրընկալողներից ստացած կաշառքները կամ նվերները հաստատելու համար:
Տեղական կոլումբիական «Սեմանա» հրատարակությունը հաստատել է Արմենիայի (Կոլումբիա), Թուրքիայի և ցեղասպանության միջև եղած կապը. «...Պարզվում է, որ [Կոլումբիայի] Արմենիայի [քաղաքային] խորհուրդը 2014 թ. 08 համաձայնագրով որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել որպես պաշտոնական հիշատակի օր՝ ի նշան համերաշխության այն երկրի հետ, որը կոլումբիական քաղաքի պես կրում է միևնույն անունը: Այնուհետև, խորհուրդը վավերացրել է այդ կապերը 2015 թ. 075 արձանագրությամբ, որով նրանք ձգտել են բարեկամական կապեր հաստատել Հայաստանի Հանրապետության հետ...»:
Ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման՝ «Սեմանան» բացատրել է, որ «ամեն ինչ կարծես թե ցույց է տալիս, որ թուրքական կառավարության հրավերի համար պատճառ է հանդիսացել քաղաքային խորհրդի անդամներին այլ տարբերակի տրամադրումն այն ցավալի պատմական դրվագի, որը ցույց է տալիս՝ այդ երկիրը պատասխանատու է ցեղասպանության համար»:
«Սեմանան» հաղորդել է՝ «Ինչպես հիշում եք, այն ինչն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, տեղի է ունեցել 1915 թ., Առաջին աշխարհամարտի ժամանակ և թեև թվերը դեռևս քննարկվում են, խոսքը գնում է նվազագույնը 300 հազար և առավելագույնը 1.5 միլիոն մարդկային կորուստների մասին: Այդ բնաջնջման զոհերը հայերն էին, որոնք որպես իրենց դահիճ մատնանշում են Օսմանյան կայսրությունը՝ այսօրվա Թուրքիան»:
«Սեմանան» հետաքրքրվել է, թե արդյոք քաղաքապետարանի պաշտոնյաները Թուրքիա կատարած այցի հետևանքով կարող են որոշել չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Այդ ընթացքում, ուղևորությունից հետո միակ նոր զարգացումը օսմանյան ժամանակաշրջանի հագուստ կրող տղամարդու որմնանկարի հայտնվելն է Արմենիայի քաղաքապետարանի շենքի  պատին: «Բրայթբարդը» տեղեկացրել է, որ որմնանկարը «ոչ մի պատմական աղերս չունի քաղաքի հետ» և «շփոթեցնում ու զայրացնում է բազմաթիվ բնակիչների... Տարածաշրջանային La Crónica de Quindío թերթը հաղորդել է, որ տեղացիները շփոթված են թվում, իսկ ոմանք՝ վրդովված այդ թանկարժեք որմնանկարից, որը, նրանց կարծիքով, որևէ կապ չունի իրենց ժառանգության հետ»:
«Բրայթբարդը» մեջբերել է Մարիսելա Մոնտես անունով մի տեղացի կնոջ, որն ասել է La Cronica-ին. «Ես իրոք չեմ հասկանում, թե Արմենիան [կոլումբիական քաղաքը] ինչ կապ ունի Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ նրանք պետք է վճարեն այդ կարճատև ուղևորության համար, որը կատարել են... Անտրամաբանական է, որ սրա նման մի բան նկարվել է նման գեղեցիկ հաստատությունում»:
Թերթը մեջբերել է նաև մի ուրիշ բնակչի, որն ասում է՝ ինքը ոչ թե զայրացած է, այլ պարզապես՝ «շփոթված»: Խորխե Ջարամիլոն ասել է La Cronica-ին. «Մենք շփոթված ենք, որովհետև չենք հասկանում, թե ինչ կապ ունի սուլթանը Արմենիա [քաղաքի] հետ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Խնդրում եմ, որ լուրջ պետական գործիչները ստանձնեն այս քաղաքի ղեկավարումը: Սա իսկապես սարսափելի է մեր մայրաքաղաքի համար»: Քաղաքային խորհրդի անդամ Լուիս Գիլերմո Ագուդելոն ասել է El Tiempo-ին. «որմնանկարը անհեթեթություն է... Սա հանրային կառույց է, որը շատ կարևոր նշանակություն ունի... Այստեղ է եղել մեր պատկերասրահը, իսկ հիմա նրանք ամբողջովին փոխում են դրա էությունը»:
El Tiempo-ն տեղեկացրել է, որ «խորհուրդը չի քննարկում միայն մշակութային ծառայությունները Թուրքիային: Այժմ նրանք բացահայտ կերպով քննարկում են քաղաքի կողմից  2014 թ. ընդունված հռչակագրի փոփոխության հարցը, որով քաղաքապետարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը», ասել է «Բրայթբարդը»:
Մինչև հիմա թուրքական հրավերը հակառակ ազդեցություն է ունեցել Թուրքիայի վրա, քանի որ այն առաջ է բերել բազմաթիվ քննարկումներ Հայոց ցեղասպանության մասին Կոլումբիայի լրատվամիջոցներում, իսկ քաղաքապետը և քաղաքային խորհրդի անդամները խնդիրներ ունեցան օրենքի հետ:
Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, որը հավատարմագրված է նաև Կոլումբիայում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի թուրքական լոբբիստական ջանքերին հակազդելու համար: Հարավային Ամերիկայի հայ համայնքները ևս պետք է ձեռնամուխ լինեն նման գործողությունների: Նրանք պետք է նաև ապահովեն, որ քաղաքային խորհուրդը չեղյալ չհամարի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր նախկին որոշումը և ձերբազատվի օսմանյան որմնանկարից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search