Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունը կիրակի օրը չարտոնված հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ բախումների ժամանակ 49 մարդու է բերման ենթարկել:
Հոնկոնգում հերթական հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել (լուսանկարներ)
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչը, սակայն, չի օգնել ամբոխը ցրելուն, և բախումները շարունակվել են: Շյոնվան շրջանի մոտակայքում ցուցարարները տարբեր առարկաներով բեռնված սայլ են այրել և այն հրել ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծայրահեղական ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ են դառնում:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հունիսի 12-ին ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել նրանց նկատմամբ: Եվս մեկ լայնամասշտաբ ակցիա տեղի էր ունեցել հունիսի16-ին, երբ բողոքի էր դուրս եկել շուրջ 2 մլն մարդ:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին: