Մեր իրականության մեջ հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ:
Սփյուռքը պետք է իրեն զգա Հայաստանի գործերի լիարժեք շահառու. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին կայացած հավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելացրել, որ սա նշանակում է՝ պետք է հրաժարվել այն մտածելակերպից, երբ իրար բաժանում են ղարաբաղցիների, գյումրեցիների, իջևանցիների կամ էլ սփյուռքահայերի:
Ն. Փաշինյանի խոսքով՝ սա ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել մեր ծննդավայրից, դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայության մաս դարձնող, այլ ոչ թե առանձնացնող գործոն:
«Նույն խնդիրը երկար տարիներ ունենք Սփյուռքում, երբ հայությունը բաժանված է պարսկահայերի, հունահայերի, լիբանանահայերի, նույնիսկ հին ու նոր Սփյուռքի, ինչը երբեմն բերում է հակասությունների: Այս ամենը չի տեղավորվում հեղափոխության կառուցվածքում: Եվ տեղի ունեցած վերջին փոփոխությունների, մասնավորապես, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրման գլխավոր նպատակը ոչ միայն հին ու նոր Սփյուռքի, այլև Հայաստանի ու Սփյուռքի միջև սահմանները ջնջելն է, Սփյուռքը պետք է իրեն Հայաստանի գործերի լիարժեք շահառու զգա, ինչպես դա կար համահայկական հեղափոխության օրերին»,-ավելացրել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է, որ հաջորդ կարևոր դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակի իրագործման համար: Իսկ նպատակը հետևյալն է՝ Հայաստանի, Արցախի զարգացումը բոլոր առումներով՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական և այլն: Այդ հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: