Artsakhpress

Տնտեսական

Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը. իրողություններ, զարգացման ուղիներ

Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի արդիական հարցերը:

Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը. իրողություններ, զարգացման ուղիներ

Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը. իրողություններ, զարգացման ուղիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը հետազոտություն է կատարել «Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը» թեմայով: Ստորև ներկայացնում ենք այդ հետազոտության հիմնական տվյալներն ու արդյունքները մեր քաղաքագիտական մեկնաբանություններով, կանխատեսումներով և եզրակացություններով:
Քաղաքականությունը տնտեսական իրողությունների կենտրոնում
Հայաստանի ՀՆԱ-ում վերջին տարիներին արդյունաբերական ոլորտի բաժինը կազմում է մոտ 16-17,9%: Ոլորտն ապահովում է մոտ 82000 աշխատատեղ: Հայաստանի վիճակագրական վարչությունն այս ոլորտը բաժանում է չորս հիմնական ճյուղի՝ լեռնահանքային արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, ջրամատակարարում, թափոնների մաքրում և մշակում:
2018թ. տվյալներով արդյունաբերական ոլորտի կառուցվածքը հետևյալն էր. լեռնահանքային արդյունաբերություն՝ 17,3%, վերամշակող արդյունաբերություն՝ 66,3%, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում՝ 14,9%, ջրամատակարարում և մաքրում՝ 1,5%: 2018թ. լեռնահանքային հատվածի արտադրությունը նվազել է 14,0%-ով 2017թ համեմատությամբ: Աճել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 5,7%-ով: Վերամշակող արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է 3,7%: Աճել են նաև այս ոլորտի արտադրության ծավալները մոտ 10%: Այդ թիվն իր մեջ ներառնում է մի շարք ճյուղեր: Դրանցից խոշորագույնը սննդամթերքի արտադրությունն է (ընդհանուր ծավալի 28,3%-ը), խմիչքների արտադրությունը (13,2%), ծխախոտի արտադրությունը (15,5%) և հիմնական մետաղների արտադրությունը (15,1%): Պաշտոնական տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ. մեծացել է 4,3%:
Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6,9%: Անցած տարին բնորոշվել է այն հանգամանքով, որ արդյունաբերության մեջ արմատական փոփոխություններ չեն արձանագրվել և այն զարգացել է ավելի վաղ ձևավորված թրենդների իներցիայով (չհաշված Ալավերդու պղնձաձուլական գործարանի կանգառը 2018թ. նոյեմբերին): Սակայն երկրի կառավարությունն այս հարցում ունի իր տեսակետը՝ մոտակա ժամանակներս անհրաժեշտ է կենտրոնանալ հանրապետությունում գոյություն ունեցող արդյունաբերության բոլոր ճյուղերի զարգացման վրա: Ընդ որում, բարձր տեխնոլոգիաների ճյուղը պետք է դիտարկվի իբրև տնտեսության առաջատար ոլորտ:
Կարևոր է նաև ռազմաարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը: Լուրջ հիմնախնդիրներ կան, որոնք կապված են տնտեսական աճի որակի հետ: Այդ հիմնախնդիրները չեն լուծվի, եթե չկատարվեն վճռական քայլեր, այդ թվում պետական և տեղական կառավարման մակարդակներում:
Վերջին շրջանում Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական ամրագրումները հաստատել են այդ մտադրությունները: Ստեղծվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ արդեն ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Շարունակվում է հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը նոր ստեղծվող ընկերություններին (սթարտափերին), որոնք գործում են տեխնոլոգիական ոլորտում: Նախարարությանն արդեն դիմել է մոտ 130 ընկերություն, նրանցից 89-ին տրամադրված են հարկային արտոնություններ: Սպասվում է, որ մինչև 2022թ. այս ընկերությունները նոր մոտ 800 աշխատատեղ կստեղծեն: Պետական աջակցությանը ենթակա գործունեության շրջանակը բավականին մեծ է: Նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% դրույքով և եկամտահարկի 10%-ով: Դա նպաստում է նոր ընկերությունների, նոր արդյունքի և ինովացիոն գաղափարների ստեղծմանը: Որոշ կանխատեսումներով սթարտափների ավելի քան 50% կկարողանա դուրս գալ մեծ շուկա: Ընդ որում, Հայաստանում գործել սկսելու համար հարկային արտոնություններ ստանալ ցանկացող ընկերությունների աշխարհագրությունը բավական տպավորիչ է՝ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա: Որպես շարունակություն տվյալ նախաձեռնության, նախարարությունը անցկացրեց «Հայաստան՝ ճարտարագիտական շաբաթ» վերտառությամբ միջոցառում, որտեղ հնչեց այն գաղափարը, որ «ինովացիան ամենաթանկ բանն է ժամանակակից աշխարհում: Եվ երկրները, որոնք կկարողանան ստեղծել արդյունավետ էկոհամակարգ ինովացիաների խթանման, ինովացիոն և ինժինիրինգային ընկերությունների առաջացման ու գոյացման խթանման համար, կկարողանան ճիշտ դիրքավորվել ժամանակակից զարգացող աշխարհում: Հայաստանը պետք է գործի իբրև տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»:
Քաջ հայտնի է, որ հայկական սթարտափները լայնորեն ներկայացված են տարբեր երկրներում, այդ թվում Սիլիկոնային հովտում: Նրանք ցույց են տվել իրենց կարողությունը հեշտորեն և արագ կապեր հաստատելու և շուկա մտնելու գործում, ստանալով հայկական սփյուռքի աջակցությունը: Նախարարությունը մտադիր է մշակել ծրագրեր, որոնք կներառեն ինստիտուցիոնալ կառուցվածքներ հայկական սփյուռքի հետ կապերում, որոնք կօգնեն հայկական և այլ ընկերություններին ցանկության դեպքում աշխատելու Հայաստանում:
Աշոտ Թևիկյանի կարծիքով, այս խնդիրների լուծման ռազմավարական տեսլականը հանգում է երկրի նոր ինդուստրիալիզացիայում Արտահանող արդյունաբերական ճյուղերի պետական աջակցությանը, հայրենական արտադրությանը համակողմանի գործնական աջակցությանը: Սակայն դրա համար հարկավոր է, որպեսզի մենք հստակ կողմնորոշվենք, թե որ տեխնոլոգիական էկոհամակարգում ենք (Արևմուտքի, թե Եվրասիայի) զարգանալու: Սա դատարկ խոսք չէ: Եթե մենք նույնիսկ դուրս լինենք աշխարհաքաղաքական առճակատումներից, չթաթախվենք Արևմուտքի աշխարհաքաղաքական ճարտարագիտական խաղերում, միևնույն է, քաղաքականությունը թակելու է մեր դուռը և, առաջին հերթին, առաջադրվելու են հարցեր խոշոր գիտատեխնոլոգիական և ինդուստրիալ նախագծերի կենսագործման ուղղությամբ: Ժամանակակից աշխարհում քաղաքականությունը գտնվում է տնտեսության կենտրոնում, հատկապես գիտատեխնոլոգիական փոփոխությունների ոլորտում և այդ թվում, արդյունաբերական քաղաքականության:
Ռազմաարդյունաբերական և գիտատեխնոլոգիական ոլորտներն իբրև տնտեսական հենք
Հայաստանը ինքնիշխան պետություն է: Այս իրողության գիտակցումը թելադրում է կոնկրետ հասունացած գործողություններ: Աշոտ Թևիկյանը կարծում է, որ ժամանակն է գործել, չհենվելով բացարձակապես արևմտամետ լուսանցքային սխեմաների հիման վրա: Պետությունը պետք է զբաղեցնի հստակ գաղափարախոսական դիրք, ձեռք բերի ներքին կենսունակություն: Դժվար է աշխատել այնպիսի կառույցների հետ, որոնք իրականում սևեռված են ատոմային էլեկտրակայանի փակման և այլ նորագույն շատ վիճելի լիբերտարիան գաղափարների կենսագործման վրա: Մենք պետք է կոնկրետացնենք (խորացնենք և զարգացնենք) մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը հատուկ այժմեականություն է ձեռք բերում: Սա ոչ թե հիպոթետիկ, այլ պոտենցիալ հնարավորություն է վերականգնել ռազմաարդյունաբերական և գիտատեխնոլոգիական ոլորտի կառուցվածքն իբրև տնտեսական հիմք: Եվրասիական վեկտորի հարցը, որտեղ ձևականորեն և իրականում հավասարազոր են մի կողմից մեր դաշնակիցները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ մյուս կողմից՝ Չինաստանը, Վիետնամը, Սինգապուրը, Հարավային Կորեան և այլն: Մեր բազմակի սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ հայ հասարակությունը եթե գիտության զարգացման հարցում կողմնորոշված է դեպի Արևմուտք, ապա ժամանակակից արդյունաբերության զարգացման հարցում՝ գլխավորապես դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ:
Կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի ինտեգրացիոն միտումները ԵԱՏՄ շրջանակներում ամրապնդվել են: 2018թ. մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ երկրներ արտադրանքի արտահանման աճի տեմպերով առաջատար: ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանումը 2018թ. կազմել է $689 մլն., այդ թվում դեպի Ռուսաստան՝ $666,7 մլն., իսկ դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան՝ $11,7 մլն., $9,8 մլն. և $1,0 մլն. համապատասխանաբար: Չնայած Բելառուսի և Ղազախստանի ոչ մեծ ցուցանիշներին, Հայաստանի արտահանման մեջ այդ երկրներ արտահանման դինամիկան եղել է ավելի բարձր, քան դեպի Ռուսաստան: Ամբողջությամբ վերցրած 2018թ. ընթացքում ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձրն է եղել: Այս ցուցանիշն աճել է 24,1% 2017թ. համեմատությամբ:
ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման առաջանցիկ տեմպերը պայմանավորված են գլխավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կորպորատիվ փոխգործակցությամբ, ինչը թույլ է տալիս ընդլայնել եվրասիական շուկաներ ելքը հայաստանցի արտահանողների համար: Փոխադարձ առևտրում հայկական ընկերությունների շրջանառության մեջ ավելացել է ազգային արժույթի օգտագործումը: Մեր երկրում ամրապնդվել են ինտեգրման ֆինանսական խողովակները: ԵԱՏՄ երկրների կողմից ֆինանսական աջակցությունը արտաքին փոխառությունների տեսքով նույնպես մեծացել է: Զարգացման Եվրասիական բանկը պատրաստել է «ճանապարհային քարտեզ» Հայաստանում նախագծերի իրականացման համար: Տնտեսական զարգացման ժամանակակից փուլում երկրի մրցունակության ապահովումը կարևորագույն խնդիր է, որը ոչ միայն բնորոշում է իրավիճակը համաշխարհային շուկայում, այլև մեծապես որոշում է նրա ազգային անվտանգությունը: Նման խնդիրների լուծումը հնարավոր է, եթե երկրի հեռանկարային զարգացման առաջնահերթությունների հիմքում գտնվեն արդյունաբերությունը, տեխնոլոգիաները և գիտությունը:
Չէ՞ որ դեռ պահպանված է պատմական հիշողությունը խորհրդային շրջանում Հայաստանի նշանակալից ձեռքբերումների մասին: Իր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ծաղկման հասավ տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության ասպարեզներում: Մեր հետազոտության հեղինակների կարծիքով այդ ժամանակաշրջանը մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգի ոգու բարձրագույն վերածննդի և ընդհանուր առմամբ, հասարակության նվաճումների ժամանակաշրջան:
Գիտատեխնոլոգիական և նրա նվաճումների վրա հիմնված ինովացիոն-արդյունաբերական քաղաքականությունը Հայաստանի նոր տնտեսական կուրսի հիմքն է և այն պետք է դառնա գերակա և համախմբող ազգային գաղափար, որը կլինի հասարակության մտածողության և գիտակցության հիմքում, ապահովելով անկախ պետական քաղաքականություն:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է «Ազգ-Բանակ» կոնցեպտուալ ծրագիր, 2018-2024թթ. բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր (հետագայում՝ ծրագիր կամ Յոթնամյա ծրագիր), որոնք հարմարեցված են նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին: Հեռանկարում ծրագրվում է տնտեսության, կրթության և գիտության ռազմական և քաղաքացիական ոլորտների ներուժի բաղդատում, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետությունում մշակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արտադրանքի նախագծման և արտահանման գործը: Յոթնամյա ծրագրով որոշված նպատակները ուղղված են հիմնարար խնդրի լուծմանը՝ կազմակերպել տնտեսության բարձրացում նոր տեխնոլոգիական մակարդակի սեփական ազգային ուժերի հիմքի վրա:
Համաշխարհային բանկի պատվերով և էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ փորձագետների խմբի կողմից մշակվել է «Արտահանմանը կողմնորոշված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը», որը հաստատվել էր Հայաստանի կառավարության կողմից 2011թ. դեկտեմբերին: Այն կոչված էր ապահովելու արդյունաբերության զարգացումը 11 արտահանմանը կողմնորոշված ճյուղերում, իսկ առաջին փուլում երեք ուղղությամբ՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ ինժեներիայի: Այդ ընդունված որոշումների իրական կենսագործման անհրաժեշտությունը առայժմ պահպանվում է: Սակայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հաշվի առնելով, կպահանջվի վերանայել նրա առանձին դրույթներ:
Հայաստանի կառավարությունը 2014թ. մարտի 27-ի որոշմամբ, ուշադրության առնելով նոր իրողություններն ու իրադարձությունները, որոնք առաջացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հաստատել է ծրագիր «2014-2025թթ. Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլան» վերտառությամբ: Կառավարության հիմնական կողմնորոշիչներն են ընտրված հետևյալ չորս առաջնահերթությունները՝ զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործում և կառավարության համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում:
Այս և այլ ծրագրեր, հաշվի առնելով տնտեսական ու քաղաքական նոր իրողությունները, պետք է տեղ գտնեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման հիմքում, նրա արդիականացման, կայուն և դինամիկ առաջանցիկ զարգացման ռազմավարական պլանի մեջ: Անհրաժեշտ է անցում կատարել դեպի նոր տնտեսական կացութաձև արդյունավետ կառավարչական մեխանիզմների կիրառման միջոցով: Հայաստանի համար ռազմավարական ծրագիր է արդյունաբերական քաղաքականության կտրուկ աշխուժացումը: Սա Հայաստանի մի նոր կոնցեպտ է:
Ժամանակակից ազգային արդյունաբերության զարգացման ուղիների մասին
Բոլոր ծրագրային փաստաթղթերում ընդգծվում է այն միտքը, որ տնտեսական աճի խթանման և զարգացման քաղաքականությունը հանրապետություն պահանջում է իրականացնել (արդյունաբերական քաղաքականության կենսագործման պարագայում) ներդրումային նախագծեր, որոնք ուղղված են 90-ական թթ. ոչնչացված, արտահանմանն ուղղված արդյունաբերական հզորությունների մասնակի վերականգնմանը, գործող հզորությունների աջակցմանը և նորերի ստեղծմանը: Դա պետք է մասամբ վերահսկվի պետության կողմից, այլ ոչ թե թողնվի խոշոր բիզնեսից քաղաքականություն եկած առանձին անհատների հայեցողությանը:
Շատ բան է կախված կենսագործվող տնտեսական քաղաքականությունից, արդյունաբերական քաղաքականության վերածննդի տեսակետից: Այդ հիմքերից մեկը պետք է լինի պետության և մասնավոր ոլորտի իրական գործընկերությունը: Առանց պետության խթանիչ քաղաքականության նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է: Սոցիալ-տնտեսական զարգացման և Հայաստանի ինովացիոն տեխնոլոգիական արդյունաբերության կառուցման նպատակամղման, կանխատեսման, ծրագրավորման և նախագծման գործընթացներում հարկ է կենսագործել ռազմավարական պլանավորման սկզբունքները:
Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետներիս համոզմունքով Հայաստանին իրական աջակցություն իր տնտեսական քաղաքականությունը ձևավորելու ուղղությամբ կարող են դառնալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշումները: 2019թ. օգոստոսի 9-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ԵԱՏՄ երկրների վարչապետները ստորագրեցին մի քանի կարևոր փաստաթղթեր: Դրանցից են՝
  • վերազգային ընկերությունների ստեղծման փորձի վերաբերյալ համաշխարհային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և «եվրասիական ընկերությունների» ստեղծման հարցում մոտեցումների վերաբերյալ հանձնարարականը;
  • «արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի» նախագծի անձնագրի մասին որոշումը:
ԵԱՏՄ տնտեսական զարգացման առարկայական կարիքները պահանջում են ինտեգրացիոն միավորման անդամ երկրների տնտեսական համակարգերում արդյունաբերական համալիրների դերի մեծացում: Խնդիր է դրված վերածնել արդյունաբերությունը որպես տնտեսության լոկոմոտիվ: Խոսքը գնում է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության մասին, որը պետք է հաշվի առնի ոչ միայն ինտեգրացիոն միավորման անդամ երկրների կարիքը որակյալ արդյունաբերական արտադրանքում, այլև երրորդ երկրների, որտեղ արտահանումը նպատակաուղղված է իբրև ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժի մաս:
ԵՏՀ-ն հանդես է գալիս եվրասիական կորպորացիաների ստեղծման օգտին: Գլոբալ արդյունաբերական շուկաներում իրավիճակն այսօր այնպիսին է, որ իրապես մրցակցել այնտեղ կարող են լոկ շատ խոշոր ընկերությունները: Ինտեգրացիայի զարգացման կարևորագույն ուղղություն է Միության երկրների ձեռնարկությունների կոոպերացիան: Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցում գրանցված է մոտ 6000 ձեռնարկություն:
 
ԵՏՀ աշխատանքի կարևոր ուղղություն է մնում  միասնական, անպատնեշ տնտեսական տարածքի ձևավորումը:
Տեխնոլոգիական, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական շղթա մուտք գործելը ԵԱՏՄ երկրների գործընկերների հետ, նման համագործակցության հենքի վրա պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի ձևավորմանը արտադրության կիրառական գիտության,  ճարտարագիտական մշակումների, սպառազինությունների արտադրության ոլորտներում: Անհրաժեշտ է վերականգնել երկար տեխնոլոգիական շղթաները մշակման և արտադրության փուլերում, որոնք անհրաժեշտ են գիտատար արտադրությանը: Այստեղ առանձին, շատ նեղ ուղղություններում, մեր երկիրը կարող է ունենալ նախապատվություններ: Չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ երկրները ահռելի կարիք ունեն ճարտարագիտական ինովացիոն մշակումների արդյունաբերության տարբեր ուղղություններում, որոնցում այսօր նրանք դեռ զիջում են Արևմուտքի երկրներին:
Եվրասիական տնտեսական միությունում կձևավորվի նոր իրավական տարածք անդրազգային ընկերությունների համար: 2018թ. մարտի 30-ին ԵՏՀ Խորհուրդը հաստատել է Տեխնոլոգիաների տրանֆերի եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության համադրույթը, որն ուղղված է կազմակերպչական աջակցության ապահովմանը ԵԱՏՄ անդամ պետություններում ինովացիոն համագործակցության լավագույն փորձին:
Եվս մեկ ուղղություն է ԵԱՏՄ պետություններում կլաստերների զարգացումը: Շատ երկրներում կլաստերային նախաձեռնությունները դիտարկվում են իբրև ինովացիոն քաղաքականության կարևորագույն բաղադրիչ:
Համատեղ ջանքերի աշխուժացումը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ կնպաստի Միության տնտեսության մեջ նոր ինովացիոն հատվածների ստեղծմանը և արդյունաբերական համալիրների բարձրացմանը նոր տեխնոլոգիական կացութաձև: Ապագա բարդ համակարգերը անհնար է նախագծել առանց ռազմավարական մտածողության, առանց զարգացման միտումների համադրույթի, որը կհաշվարկվի մի քանի տասնամյակների հեռանկարով:
Այպիսով, մեր փորձագետների կարծիքով, նոր սերնդի արդյունաբերության զարգացման հեռանկարը կապված է եվրասիական ինտեգրման զարգացման և խորացման հետ: Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս պահպանում է գրավչությունը նոր արտադրական հզորությունների ներդրման և արդյունաբերական ամբողջական նոր ճյուղերի զարգացման համար: Հարգանք տածելով այն քայլերի հանդեպ, որոնք իրականցրել են Հայաստանի մի քանի նախորդ կառավարություններն այս ուղղությամբ, անհրաժեշտ ենք համարում մշակել արդյունաբերության զարգացման նոր ռազմավարություն, որը հենված կլինի մեր հասարակության և մեր ինքնիշխան պետության իրական ժամանակակից կարիքների վրա:   
 
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան,
Եվրասիական փորձագիտական
ակումբի համակարգող
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Search