Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ո՛չ իր դաշնակիցներից:
«Մենք ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի որոշմանը». Էրդողանը՝ Patriot-ի և F-35-ի վաճառքի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է tert.am-ը:
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ նախագահն անդրադարձել է Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի հնարավոր ձեռքբերմանը:
«Եթե Patriot-ի վաճառքի հարցն Անկարայի նկատմամբ ճնշում գործադրելու գործիքի վերածվի, ինչը թույլ չի տա բավարարել մեր պահանջներն անվտանգության ոլորտում, ապա Թուրքիան առանց երկմտելու նախապատվությունը կտա այլ համակարգերի»,- ասել է Էրդողանը:
Նա խոսել է նաև 5-րդ սերնդի F-35 կործանիչների մասին: «F-35 ինքնաթիռները հրաժարվում են Թուրքիային վաճառել, և մենք, միանշանակ, ձեռքներս ծալած չենք նստի և սպասենք ԱՄՆ-ի որոշմանը»,- նշել է Էրդողանը:
Նշենք, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ: