Գագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանն ամփոփել են Գերմանիա կատարած այցի արդյունքները
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցելած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ամփոփել են այցի արդյունքները:
Գագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանն ամփոփել են Գերմանիա կատարած այցի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մամուլի ասուլիսին Գագիկ Պետրոսյանը նշել է, որ ընտրություններին այցելել են տարբեր տեղամասեր, հետևել ընտրական գործընթացին: Բացի դրանից, Բրանդենբուրգի երկրամասային Խորհրդարանի շենքում նրանց ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեաս Կալբիցը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու կուսակցությունների միջև առկա համագործակցությանը: Արցախյան գործընկեր կառույցի հետ համագործակցության սկիզբը դրվել էր դեռևս 2014 թ.-ին, որին հաջորդել են փոխայցելությունները: Պատգամավոր Գագիկ Պետրոսյանը 4, իսկ ԱՀԿ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը 2 անգամ դիտորդական առաքելություն են իրականացրել Գերմանիայում:
Գ. Պետրոսյանը նշել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը փայլուն է արդյունքներ է գրանցել ընտրություններում և Բրանդենբուրգի ու Սաքսոնիա երկրամասերի խորհրդարաններում էլ դարձել են երկրորդ քաղաքական ուժը:
Իր հերթին ԱՀԿ մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարևորել է դիտորդական առաքելության իրականացումը Գերմանիայում և ընդգծել, որ փորձի փոխանակման առումով այցը բավականին արդյունավետ էր:
Նա նշել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը 2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին կիրականացնի դիտորդական առաքելություն:
Բացի դրանից, այցի ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրերի, որոնք կյանքի կոչվեն առաջիկայում:
Վ. Պողոսյանի խոսքով` այդ ծրագրերը կիրականացվեն կրթության և գյուղատնտեսության ոլորտներում:
Մամուլի ասուլիսին Գ. Պետրոսյանը և Վ. Պողոսյանը պատասխանել են լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերին: