Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կայացել է Ջավախքի «Ախալցխա» պարային համույթի համերգը:
Համերգային ծրագրով Արցախում է «Ախալցխա» պարային համույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ախալցխա և Բորժոմի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, «Ախալցխա» պարային համույթի ղեկավար Տեր Հակոբ աբեղա Սահակյանն ասել է, որ համերգային ծրագրով խումբն արդեն երկրորդ անգամ է Արցախում:
««Ախալցխա» պարային համույթը կազմավորվել է 2017 թվականի հոկտեմբերին:Համերգային ծրագրերով խումբը հանդես է եկել տարբեր վայրերում՝ արժանանալով հանդիսատեսի ուշադրությանը և սիրվելով նրա կողմից: Արցախում ենք 5-օրյա այցով, որի ընթացքում կլինենք տարբեր զորամասերում՝ ուրախացնելու և ոգևորելու մեր զինվորներին:Մեր ուխտագնացության նպատակն է Ախալցխայում բնակվող հայ սերնդին ծանոթացնել Արցախի պատմությանն ու մշակույթին, որպեսզի նրանք քաջալերվեն ու զորանան՝ տեսնելով տեղի ժողովրդի անկոտրում հավատքը և դժվարությունների դեմ չընկրկելու հանձնառությունը»,-մասնավորապես ասել է նա: