Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի ժառանգերին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի ժառանգերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացավ վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթեց, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: