Artsakhpress

Միջազգային

Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք

2016 թվականից թուրքական հատուկ ծառայությունները առնվազն 31 մարդ են առեւանգել այլ երկրներում, որոնք այնուհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվել Թուրքիայում:

Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք

Գերմանական Die Welt թերթը բացահայտել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից մարդկանց առեւանգման 13 դեպք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt թերթը կիրակի՝ սեպտեմբերի 15-ին՝ հղում կատարելով մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հինգ զեկույցներին, որոնք ներկայացվել են ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքները պահպանելու վերահսկողության ծրագրի ամփոփման շրջանակում, փոխանցում է news.am-ը:
Մասնավորապես, առեւանգումների մասին հաղորդում է Շվեյցարիայի Դաստիարակության, կրթության եւ ինտեգրման հիմնադրամը: Այս կազմակերպությունը կապված է քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականին պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Հիմնադրամի տվյալներով՝ թուրքական հատուկ ծառայություններն առեւանգել են մարդկանց այնպիսի երկրներում, ինչպես Մալազիան, Պակիստանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոլդովան, Ադրբեջանը, Ուկրաինան, Գաբոնն ու Մյանման: Իրավապահները հաղորդում են նաեւ առեւանգումների ձախողված փորձերի մասին: Այսպես, 2016 թվականին Ցյուրիխում երեք թուրք գործակալներին չէր հաջողվել բռնի ուժով Անկարա տեղափոխել գործարարին, որն ուներ թուրք-շվեյցարական արմատներ: Իսկ 2018 թվականին Մոնղոլիայում համանման գործողությունը կանխել է տեղի ոստիկանությունը:
Ավելի վաղ թուրք ԶԼՄ-ները մեջբերում էին երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերը, որ այդ եղանակով Թուրքիա է բերվել 20 երկրներից 100 մարդ: Իր հերթին գերմանական Սահմանադրությունը պահպանելու դաշնային վարչությունը 2018 թվականի հաշվետվության մեջ նախազգուշացրել է Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին Թուրքիա տեղափոխելու նպատակով տարբեր երկրներում պարբերական առեւանգումների մասին: Որպես օրինակ՝ վարչությունը բերում է Թուրքիայի եւ Կոսովոյի հատուկ ծառայությունների գործողությունները, որոնց ընթացքում 2018 թվականին Կոսովոյից բռնի կերպով Թուրքիա էր տեղափոխվել 6 մարդ, որոնք կասկածվում էին Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պահպանման վերահսկողության ծրագրի շրջանակում իրավապահների զեկույցների հաջորդ ստուգումը կմեկնարկի 2020 թվականի հունվարին: Die Welt-ի տեղեկություններով՝ այս անգամ Թուրքիայից ստացվել են շատ ավելի շատ հաղորդագրություններ այդ ոլորտում խախտումների մասին, քան հինգ տարի առաջ՝ նախորդ ստուգման նախօրեին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search