Artsakhpress

Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 15-ին  հանդիպում ունեցավ իր հրավերով հնգօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկի հետ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Գերմանիայի նախկին նախագահի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` իր երախտագիտությունը հայտնելով պրն. Գաուկին 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունման գործում ունեցած նրա կարևոր ներդրման համար:

Նորին Սրբությունը նաև ներկայացրեց հյուրին անկախության հռչակումից հետո ժողովրդի հոգևոր վերազարթոնքի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռքբերումների համառոտ պատկերը, ինչպես նաև Հայոց Եկեղեցու ծավալած գործունեությունը միջեկեղեցական ու միջկրոնական ոլորտում:

Պրն. Յոախիմ Գաուկը, շնորհակալություն հայտնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին ջերմ հյուրընկալության և քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, նկատեց, որ իրեն Հայաստանի հետ կապում է վաղ պատանեկության տարիներին ընթերցված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը: Նախագահը նշեց նաև, որ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար:

Զրույցի ընթացքում ընդգծվեց քրիստոնեական արժեքների հոգևոր ու մշակութային կարևորությունը և հասարակությունների կյանքից ներս դրանց հանդեպ հավատարմության պահպանումը: Ընդգծվեց նաև Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Ավետարանական եկեղեցիների կարևոր դերակատարությունը ազգային ինքնության ձևավորման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա գործակցությանը հոգևորականների աստվածաբանական պատրաստության, կրթության և սոցիալական ծառայության ոլորտներում:

Նախագահ Յոախիմ Գաուկը վերահաստատեց պատրաստակամությունը խթանելու հայ-գերմանական կապերը և նպաստելու հետագա գործակցության զարգացմանը:
Մայր Աթոռում հյուրընկալվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահը առաջիկա օրերին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Հայաստանի մի շարք վանքերում և պատմամշակութային վայրերում, կծանոթանա Հայոց Եկեղեցու զանազան կառույցների գործունեությանը:

Հանդիպման ավարտին պարոն Յոախիմ Գաուկը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Խաչվերացի տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագի արարողությանը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search