Artsakhpress

Հասարակական

Այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս, Հայ առաքելական եկեղեցու 130-րդ կաթողիկոս, հայագետ, Վազգեն Առաջինի ծննդյան օրն է (ռումինահայ, աշխարհիկ անունն է Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան):

Այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վազգեն Առաջինը ծնվել է 1908թ.-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1937թ.-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ 1943թ.-ին ստացել է վարդապետի կոչում, 1951թ.-ին օծվել եպիսկոպոս։ 1929-43թթ. դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։
1955թ.-ին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո Սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:
Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել Վեհափառի և Վեհամոր անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած Զեյթունի Ավետարանը և Մալաթիայի Ավետարանը, Թովմա Արծրունու Պատմություն Արծրունյաց տան աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր: 1988թ.-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը:
Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը: Վազգեն Ա Կաթողիկոսը ծավալել է եկեղեցաշին-վերականգնողական մեծ աշխատանք: Վերանորոգվել են Մայր տաճարը, Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ վանքերը, Գեղարդավանքը, Խոր վիրապի վանքը, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց, Երևանի Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Հովհաննես, Մոսկվայի, Դոնի Ռոստովի և Արմավիրի եկեղեցիները:
Մայրավանքի շրջակայքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Կյուլպենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը: Մահացել է 1994թ.-ի օգոստոսի 18-ին: ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի Հանրապետության աստղ շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար 1994 թ.-ի հուլիսի 24-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -15-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search