Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղն այս տարվա մայիսին կմաքրվի ականներից:
Հայկական սփյուռքի նվիրաբերած գումարով արցախյան գյուղը կմաքրվի ականներից
Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղն այս տարվա մայիսին կմաքրվի ականներից:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին Landmine Free Artsakh խմբից, մաքրումն ապահովվել է շնորհիվ ԱՄՆ-ի և Կանադայի դոնորների 35 հազար դոլար ֆինանսավորման:
Ամերիկահայերի մեծ ներդրումները թույլ էին տվել 2013-ի հոկտեմբերին մաքրել Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղը սկավառակային ռումբերից և այլ վտանգավոր պայթուցիկ նյութերից: Ավելի վաղ Վիրաբ Շաբոյանը վախենում էր թույլատրել իր երեխաներին խաղալ այգում: «Ես, աներկբա պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են իմ և այս շրջանի բոլոր երեխաների անվտանգությունը: Ես շատ շնորհակալ եմ, որ կան մարդիկ, ովքեր գումար են տալիս նմանատիպ բարեգործության համար»,- նշել է Վիրաբը:
Տասնմեկ հազար դոլար նվիրաբերվել էր աշխարհի ամենահին և խոշոր ականամաքրման HALO Trust բարեգործական ընկերությանը` գյուղի համար նախորդ հոկտեմբերին ամբողջական մաքրում ապահովելու նպատակով:
Ընդհանուր առմամբ` գյուղում հայտնաբերվել և ոչնչացվել էին 12 սկավառակային ռումբեր և 28 այլ հրանոթային արկեր` ավելի քան 370 ակր հողն անվտանգ դարձնելու համար: Այժմ Վիրաբի երեխաները կարող են անտանգ խաղալ, նա կարող է մշակել ամբողջ հողը և ամբողջ գյուղն այլևս վտանգի մեջ չէ:
Landmine Free Artsakh խումբն իրականացնում է Արցախն ականներից մաքրելու առաքելությունը, ինչպես նաև հանրությանն իրազեկում է Արցախի խնդիրների մասին` ականների վերաբերյալ: Ցավոք, վերջերս ականների պատճառով երկու պատահարներ են եղել, որոնց արդյունքում զոհվել են Ռոբերտ Աբրահամյանը և Նորիկ Աբալյանը: