Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները Թեհրանում մասնակցել են «Շահրե Աֆտաբ» միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբերի 24-ից 27-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել «Շահրե Աֆտաբ» միջազգային գյուղատնտեսության արդյունաբերության և սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցած հայկական պատվիրակության կազմում էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանն ու «Ագրոնոմիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ֆերմեր Լևոն Հովսեփյանը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչները Թեհրանում մասնակցել են «Շահրե Աֆտաբ» միջազգային ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՇՏՀ պրոռեկտոր Սարիբեկ Գալստյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է արցախցի ֆերմերներին հետաքրքրող եվրոպական, իրանական և այլ երկրների գյուղատնտեսական արտադրության մեջ կիրառվող մեքենաներ ու սարքավորումներ:
«Պետք է նշեմ, որ մեզ համար հետաքրքրական են եղել առանց առի շրջման հողի մշակման գործիքները, ինչպես նաև անմիջական ցանքի համար նախատեսված շարքացանները: Կառաձնացնեի նաև բանջարաբուծության մեջ օգտագործվող մարգեր և ակոսներ պատրաստող մեքենաներն ու սարքավորումները»,- ավելացրել է Ս. Գալստյանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ իրենք Թեհրանում հետևել են կենսատեխնոլոգիայի նորույթներին, որոնցից առանձնացրել են բջջային կուլտուրայով պտղատու ծառաբույսերի վիրուսազերծ տնկիների ստացման, ընկուզենու ցածրաճ սորտերով այգիների հիմնման, ցածր բերքատու և ցածրորակ այգիների վերապատվաստման տեխնոլոգիաները: Նրանց հատկապես հետաքրքրել է կաթիլային ոռոգման համար նախատեսված ջուրը զտող սարքավորումները, խողովակները, ինչպես նաև կաթիլային համակարգը սնող ջրամբարների պատրաստման տեխնոլոգիան:
Ս. Գալստյանը կարևորել է միջազգային ցուցահանդեսին իրենց մասնակցությունը և ընդգծել, որ ձեռք են բերել նոր կապեր՝ տեխնոլոգիաների մանրամասներին ծանոթանալու, նորագույն տեխնոլոգիաներով և տեխնիկայով հետաքրքրվող տեղացի ֆերմերներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: