«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:
Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ, հայտնում է Ermenihaber-ը:
Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:
Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե՛ պատմական և թե՛ մշակութային արժեքը:
Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու:
Հիշեցնենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: