Թրամփի օգնականը մեկ երրորդով կկրճատի ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հաստիքացուցակը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների թիվը մեկ երրորդով կրճատելու եւ արտաքին քաղաքականության հարցերում կառույցի դերը սահմանափակելու մտադրության մասին:
Թրամփի օգնականը մեկ երրորդով կկրճատի ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի հաստիքացուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա այս մասին հայտնել է Reuters գործակալության հետ հարցազրույցում, հայտնում է News.am-ը:
«Մենք [ԱԱԽ] ցանկանում ենք Սպիտակ տնից համակարգել քաղաքականությունը, այլ ոչ թե զբաղվել արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության ոլորտում որոշումների գործնական իրականացմամբ: Սա նախարարությունների եւ վարչությունների աշխատանքն է»,- ասել է Օ՛Բրայենը:
Reuters-ի տեղեկություններով՝ Օ՛Բրայենը նախատեսում է ԱԱԽ աշխատակիցների թիվը 178-ից կրճատել մինչեւ 117: Թրամփի օգնականը նաեւ մտադիր է իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությանը վերադարձնել սկզբնական համակարգող դերը, որից զրկվել է Օ՛Բրայենի նախորդի՝ Ջոն Բոլթոնի պաշտոնավարման ժամանակ, որը նախագահի հրամանով պաշտոնանկ է արվել անցյալ ամիս:
Ավելի վաղ «Բլումբերգ» գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կարգադրել է ԱԱԽ արդյունավետության մեծացման կուրսի շրջանակում ԱԱԽ աշխատակիցների թիվը զգալիորեն կրճատել, որը կազմված է գլխավորապես Պետքարտուղարության, Պենտագոնի եւ հատուկ ծառայությունների շուրջ 310 նախկին կադրային աշխատակիցներից: