ԱրՊՀ-ում «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել Լևոն Աբրահամյանը և Դավիթ Մուրադյանը
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսություններով հանդես են եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը և ազգագրագետ, պատմաբան, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Աբրահամյանը:
ԱրՊՀ-ում «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել Լևոն Աբրահամյանը և Դավիթ Մուրադյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լևոն Աբրահամյանը հանդես է եկել «Թամանյանի Երևանը ազգայինի և ստալինյանի միջև», իսկ Դավիթ Մուրադյանը՝ «Ինչպե՞ս է մշակույթը ստեղծում երկիր» թեմաներով դասախոսությամբ:
Մեզ հետ զրույցում Դավիթ Մուրադյանն ասել է, որ ինքն Արցախի պետական համալսարան է այցելում արդեն 4-րդ անգամ:
«Հանդիպումները ուսանողության և դասախոսների հետ անցնում են հաճելի մթնոլորտում և ես ուրախ եմ, որ ունենք խելացի լսարան:Նոր սերունդն, ով ծնվել է ազատ Արցախում, իր հիշողությունը չի կապում անցյալի հետ ու իրականության մեջ իրեն զգում է իր ներկայի և ապագայի տերը: Այս սերունդը շատ կարևոր է ամբողջ հայության համար:Նրանք հնարավորինս պետք է ունենան կրթական ու մտավոր հարստություն:Կարեն Օհանջյանյանի իրականացրած այս կրթական ծրագիրը շատ օգտակար է ուսանողության համար, և ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նրան՝ ինձ կրկին անգամ հրավիրելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Օհանջանյանն էլ նշել է, որ «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի նպատակն է տալ լայն գիտելիքներ մեր ուսանողներին՝ նրանց մտածելակերպն առավել խորքային զարգացնելու համար: Նրա խոսքով ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին լսելու հայտնի ու պրոֆեսիոնալ մասնագետների: