ԱՄՆ-ն քրդերին հորդորում էր կռվել իսլամիստների դեմ, այսօր նրանց մենակ է թողել թուրքական թնդանոթների առջև. Կնյազ Հասանով
ԱՄՆ դեսպանատան առաջ ենք հավաքվել՝ ասում ենք, որ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարության այն քայլը, որ քրդերին մենակ թողեցին թուրքերի թնդանոթների դեմ:
ԱՄՆ-ն քրդերին հորդորում էր կռվել իսլամիստների դեմ, այսօր նրանց մենակ է թողել թուրքական թնդանոթների առջև. Կնյազ Հասանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ քրդական համայնքի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, հայտնում է Tert.am-ը:
«Մենք դատապարտում ենք նաև ԱՄՆ-ին, որ հովանավոր էր կանգնել քրդերին և հորդորում էր առաջ շարժվել՝ իսլամիստների դեմ կռվելու ,և այսօր նրանց մենակ թողեցին թուրքական թնդանոթների առաջ»,- ասաց պատգամավորը:
Կնյազ Հասանովի խոսքով՝ այս օրերին Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունները 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կրկնությունն է:
«100 տարի առաջ թուրքական իշխանությունը նույն ձևով վերացրեց 1.5 մլն հայերի և դա մարսեց, այսօր նույնը կատարում են քրդերի նկատմամբ: Այսօր Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին, ամեն տեղ, որտեղ քրդեր կան, ագրեսիա են կազմակերպում: Եկել ենք դատապարտելու քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը: Քուրդ ժողովուրդը լի է վճռականությամբ մինչև վերջ կանգնելու, դատապարտելու իրեն կեղեքողներին, իր թշնամիներին»,- նշեց Կնյազ Հասանովը:
Հիշեցնենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վրա, մասնավորապես քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդրի վրա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-: