2020 թ-ին ԱՀ պետբյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 38 մլն դրամ. նախարար
«Արցախի Հանրապետության 2020 թվականի գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերին հավանություն տալու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով:
2020 թ-ին ԱՀ պետբյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 38 մլն դրամ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգով՝ պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող և համատեղ իրականացվող դրամաշնորհների ձևով` Արցախի գիտական կենտրոնի միջոցով:
«Պետական բյուջեից ֆինանսավորվող հետազոտական նախագծերի թեմաներն ընտրվում են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող գիտական հետազոտական նախագծերի մրցույթով, արտաքին գրախոսման արդյունքների հիման վրա: Ներկայումս ընթացքի մեջ են 14 հետազոտական ծրագրեր, որից 8-ը 2018-ին պետական բյուջեի կազմում Ազգային Ժողովի կողմից հաստատված ծրագրերն են՝ ֆիզիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն, սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, պատմություն, ազգագրություն, և հումանիտար այլ գիտություններից, իսկ 6-ը՝ բնագիտական ու Ճարտարագիտություն և տեխնոլոգիա գիտություններից, Հայաստանի Հանրապետության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ 2019-ին սկսված գիտահետազոտական ծրագրերն են»,-ավելացրել է Ն. Աղաբալյանը:
Նա տեղեկացրել է, որ 2020 թվականին ԱՀ պետական բյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 38 մլն դրամ, որը առաջարկվում է ուղղել 2019-ին սկսված և նախարարության կողմից հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթի արդյունքներով ընտրված 14 թեմաների ֆինանսավորմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-: