Գիտությունը որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, գտնվում է պետության հովանավորության ներքո:
Գիտության ոլորտին պետբյուջեից կհատկացվի մոտ 75 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ գիտության բնագավառի ծախսերը 2020 թվականին նախատեսվում են 74.7 միլիոն դրամ: 2019 թվականի համեմատ աճել է 2.1 միլիոն դրամով կամ 2.9%: Նախագծով նախատեսված գիտության ծախսերը կուղղվեն Արցախի գիտական կենտրոնի պահպանման ծախսերի ապահովմանը, պայմանագրային ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացմանը:
«Արցախի գիտական կենտրոնի ծախսերի աճը 2.1 միլիոն դրամով պայամանավորված է 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացմամբ: Գիտության ոլորտի պետական քաղաքականությունը նպատակաուղղված է գիտական կիրառական արդյունքի ստեղծմանը, Արցախի տնտեսության զարգացման խթանմանը, բուհական գիտության զարգացմանը և գիտական ու գիտահետազոտական կադրերի պատրաստմանը: 2020 թվականին կշարունակվեն և ավարտին կհասցվեն 2019թվականին սկսված գիտական և գիտահետազոտական ութ թեմաներով աշխատանքները: Կսկսվեն վեց նոր թեմաներով գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել»,- նշել է Մ. Համբարձումյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: