Artsakhpress

Հասարակական

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին

Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Մեծարգո պարոն նախագահ,
Պետական այրեր,
Օտարերկրյա դեսպաններ,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համ­աշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրու­թյան, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։
Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին  գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։
2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար:
Հայաստանն իր դիրքերն ամրա­պնդեց միջազգային հարթակ­ներում: Տեղեկատվական տեխնո­­լոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակ­ներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համ­աշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:
Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համ­աշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմա­կերպիչ­ներին և ողջ անձնա­կազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրա­քանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնո­լոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիա­կան ոլորտում յուրատեսակ հնարա­վորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար։
Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո­լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարա­վորություններով համ­աշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկա­ներ դուրս գալու և համա­գործակցության հարթակներ ձևավորելու համար։
Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։
Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորա­րարական տեխնոլոգիաների լեզվով։
Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնա­կաններ ու գյուտարարներ, որոնց աշխա­տու­թյունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում։
Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»։
Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանա­կության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքա­հեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակ­ցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են։
Պարոն Կանադե, մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետու­թյան պետական մրցանակին արժանա­նալու առիթով: Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը:
Մեկ անգամ ևս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։ 
Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք:
Շնորհակալություն»։
Տակեո Կանադեն ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում  կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարչող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Բոլոր քննարկումները՝ ընտրություններից հետո. հերքում

«Համավարակը 4 շաբաթից բեկումնային կետի կհասնի». կորոնավիրուսի գծով Չինաստանի գլխավոր փորձագետը կանխատեսում է արել. Daily Mail

Search