Artsakhpress

Հասարակական

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ամփոփվել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից հայտարարված «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները՝ նվիրված ԱՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և անկախության հանրաքվեի տոներին:

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Հայտնի   են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝   միջոցառմանը   բացման  խոսքով  հանդես  է   եկել   Արտակ  Բեգլարյանը:
Նա շնորհակալություն է հայտնել մրցույթի բոլոր  անդամներին՝    ակտիվ  և    ստեղծագործական    մասնակցության  համար:
«Պատահական   չէ,  որ հենց դեկտեմբերի  10-ին  ընդառաջ    է կազմակերպվել    այս  մրցույթը:  Մեզ  համար՝  մարդու    իրավունքներն  առաջնային  են    և  մեր  պայքարը՝  արցախյան   շարժումը,    մեր  իրավունքների     և   ազատությունների      պաշտպանության      համար  էր: Այդ   պատճառով  մենք  հնարավորինս  կարևորում  ենք   մարդու  իրավունքների   պաշտպանությունը  և մարդու  իրավունքների  վերաբերյալ       իրազեկման  աշխատանքները:  Այս   մրցույթն էլ   նպատակաուղղված  էր   իրազեկման  աշխատանքների  ակտիվացմանը, որպեսզի  բոլորս  և  հատկապես  երեխաներն    ավելի  տեղյակ լինեն  իրենց իրավունքներից և այդ  իրավունքների   պաշտպանության    մեխանիզմներից: Սիրով  արձանագրում    եմ, որ   այս  մրցույթն  իր  նպատակին  ծառայել  է, որի   արդյունքում 82    աշակերտ  մասնակցել  է   մրցույթին, իսկ    հարյուրավոր   մարդիկ  ընդգրկված  են    եղել  հայտագրմանը: Արդյունքների  ամփոփման   ժամանակ   մենք   հասկացել  ենք, որ   մեծ   թվով  երեխաներ      ուսումնասիրել     են  իրենց  իրավունքների    և  ազատությունների   մասին դրույթները: Լուսանկարներում   և  տեսանյութերում  արտացոլված են   երեխաների  մտածողությունը  և  մտահոգությունները:  Նրանք  ներկայացրել  են  հասարակության  մեջ  առկա՝  իրենց   աչքերով  այն հիմնախնդիրենրը, որոնց  բախվում  են  իրենք»,-մասնավորապես  ասել   է  Ա. Բեգլարյանը: 
Միջոցառմանը  ՀՀ   մարդու    իրավունքների   պաշտպան  Արման  Թաթոյանը  տեսաուղերձով    ողջունել  և  շնորհավորել   է  մրցույթի  մասնակիցներին:
Նրա   խոսքով՝   խորհրդանշական  այս  կարևոր   օրը     նշանավորվում  է հենց  նրանով, որ    արժևորվում  են  երեխաների  իրավունքները: Մենք  պետք  է  ամեն  ինչ  անենք, որպեսզի   միջազգային  կազմակերպությունները  սկսեն  ղեկավարվել    հանրահայտ  այն  սկզբունքով, որ   տարածքի  կարգավիճակը    չի   կարող   որևէ    նշանակություն  ունենալ     իրավունքների   պաշտպանության  վիճակի  վրա՝  Արցախում  էլ  են  ապրում  հաշմանդամություն  ունեցող   մարդիկ, կանայք, երեխաներ:
«Արցախի   իմ  գործընկերոջ   հետ      մեր  հնարավորությունների  սահմաններում  անելու  ենք  ամեն  ինչ, որպեսզի   այս  սկզբունքները  կյաքնի  կոչվեն  մինչև   վերջ   և  սպառիչ     նշանակություն ունենան  մեր  հայրենակիցներից  յուրաքանչյուրի  համար»,-ընդգծել  է   Ա. Թաթոյանը: 
Լուսանկարների    համար  սահմանված  առաջին  մրցանակային    տեղը  գրաված  Ստեփանակերտի   N11   ավագ  դպրոցի   աշակերտուհի  Անգելինա  Ֆարսիյանն  իր   շնորհակալությունն  է  հայտնել   մրցույթի  կազմակերպիչներին,   հովանվորներին,  իր   դպրոցի  ուսուցչական  կազմին՝  իրեն   ճիշտ  ուղղորդելու, ինչպես  նաև   բոլոր  մասնակիցներին՝  առողջ   և  արդար  մրցակցության    համար:
Տեսանյութերի   համար  սահմանված   առաջին  մրցանակային    տեղը  գրաված    Ստեփանակերտի   N 11  ավագ    դպրոցի     աշակերտ   Արթուր  Դավթյանը  ևս  իր  երախտագիտությունն  է  հայտնել  ԱՀ  մարդու  իրավունքների   պաշտպանի     աշխատակազմին՝   իրենց   նման   հնարավորություն   ընձեռելու  համար:
«Մենք     կարողացանք  ազատորեն  արտահայտել   մեր   մտահոգությունները  և   բարձրաձայնել   մեզ  հուզող  այն   խնդիրները, որոնց  մի  մասը   կցանկանայինք     լուծված  տեսնել»,-նշել է  Ա. Դավթյանը: 
Տեղեկացնենք  նաև, որ   լուսանկարների  համար  սահմանված   երկրորդ  մրցանակային  տեղ  է  գրավել  Ստեփանակերտի  N2   հիմնական   դպրոցի  9-րդ  դասարանի  աշակերտուհի   Սաթի  Ղազարյանը, իսկ  երրորդ՝       Մարտակերտի շրջանի  Վաղուհասի  միջնակարգ   դպրոցի  11-րդ  դասարանի    աշակերտուհի  Լինա   Խաչտրյանը:
Տեսանյութերի  համար  սահմանված   երկրորդ  մրցանակային  տեղ   են  գրավել Տողի  միջնակարգ  դպրոցի  12-րդ  դասարանի  մի  խումբ  աշակերտներ, իսկ  երրորդ՝ Քաշաթաղի  շրջանի  Քարեգահ   միջնակարգ   դպրոցի  աշակերտ  Լյուդմիլա  Բաբայանը:
Այս  տարի  մրցույթին  մասնակցել  են   82     դպրոցականներ՝     Արցախի            տարբեր   շրջանների    և  Ստեփանակերտի   դպրոցներից: Ներկայացվել  է  38  լուսանկար, 30  տեսանյութ: Ուղարկված   լուսանկարները  և  տեսանյութերը      տեղադրվել  են  Մարդու  իրավունքների  պաշտպանի    ֆեյսբուքյան    պաշտոնական  էջում: Մրցութային  հանձնաժողովը   նախագահել  է ՀՀ  մարդու   իրավունքների    պաշտպան   Արման  Թաթոյանը: 
Մրցույթն անց  է կացվել   «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ջուտիթ և Վիկտոր Սարյանների հովանավորությամբ, որոնք լուսանկարների և տեսանյութերի առանձին անվանակարգերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին հատկացրել  են 120.000-ական ՀՀ դրամ, երկրորդին՝ 80.000-ական, իսկ երրորդին՝ 50.000-ական:  Երկրորդ   փուլ  չանցած մի  խումբ մասնակիցներ  էլ ՄԻՊ-ի  կողմից   արժանացել  են   հատուկ  մրցանակների  և  պատվոգրերի:
Նշենք, որ   մրցույթին   կարող   էին  մասնակցել  ԱՀ   դպրոցների   բոլոր  աշակերտները: 
Միջոցառմանը  երաժշտական  կատարումներով  հանդես  են  եկել  Կոմիտասի    անվան  երաժշտական  դպրոցի   սաները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search