Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Ալեքսանդր Լապշինին Մերձբալթյան երկրներում
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկվել էր, ավելի ուշ՝ ազատ արձակվել, Facebook-ի իր էջում պատմել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձել են ձերբակալել և առևանգել իրեն Մերձբալթյան երկրներում գտնվելու ժամանակ:
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձել են առևանգել Ալեքսանդր Լապշինին Մերձբալթյան երկրներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես պատմել է բլոգերը, դեկտեմբերի 12-ին նա գտնվել է Լոնդոնում, որտեղից պատրաստվել է մեկնել Վիլնյուս, այնտեղից էլ՝ Ռիգա: Այդ ժամանակ նրա հետ կապվել են ծանոթները, որոնք հանդիպում են խնդրել թռիչքից առաջ:
«Ինձ տեղեկացրին, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը Մերձբալթյան երկրներին և ևս մի քանի երկրի ինձ ձերբակալելու հարցում է ուղարկել: Դա ոչ թե Ինտերպոլի միջոցով, այլ հատուկ ծառայությունների միջև տեղեկությունների փոխանակման ներքին գծով է արվել: Ինձ ասացին, որ ես պետք է զգույշ լինեմ, և ցանկալի է՝ չեղարկեմ Լատվիա և Լիտվա գնալու ծրագրերը, որտեղ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերն ուժեղ են»,- tert.am-ի փոխանցմամբ՝ պատմել է բլոգերը:
Նրա խոսքով՝ այսպիսի կապը երկրների միջև չի պարտավորեցնում ընդունող երկրին ձերբակալել տվյալ անձին, բայց ենթադրում է տեղեկատվության փոխանցում նրա՝ երկիր մուտքի և ելքի վերաբերյալ:
Չնայած նախազգուշացումներին՝ Լապշինը մեկնել է Վիլնյուս, ապա՝ Ռիգա:
Ակայն նա չեղարկել է իր մասնակցությունը դեկտեմբերի 15-ին ծրագրված զբոսաշրջային կոնֆերանսին՝ իմանալով, որ Ռիգայում Ադրբեջանի դեսպանատունն այնտեղ է ուղարկելու իր երկու աշխատակիցներին՝ մոնիթորինգի համար:
«Նրանք ուղարկել էին երկու հոգու, որոնք ներս չեն մտել և կանգնել են դռնից ոչ հեռու, ձախ կողմում: Այս մարդկանց տեսանկարել է տեսահսկման համակարգի տեսախցիկը: Թե ովքեր են նրանք՝ դեսպանատան աշխատակիցներ են, թե տեղի ադրբեջանական համայնքի ակտիվիստներ, չեմ կարող ասել»,-գրել է Լապշինը:
Բլոգերը նշել է, որ իր կարծիքով՝ Ադրբեջանում հասկացել են, որ Ինտերպոլի միջոցով չեն կարող հասնել իր ձերբակալմանը և անցել են միջպետական կապերի մարտավարությանը, որը կարող է աշխատել՝ հաշվի առնելով կոռուպցիոն կապերը:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-: