Սիրիայում, նախորդ տարիների համեմատ, ներկայումս ապրելն ավելի անվտանգ է:
Սիրիայի հայկական համայնքն ավերվածը վերականգնելու աշխատանքներ է իրականացնում. Զարմիկ Պողիկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցւոմ ասել է Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Նրա խոսքով՝ սիրիական բանակը օրեցօր առաջընթաց է արձանագրում՝ հատկապես Իտլիպի ուղղությամբ։
«Անապահով են առավելապես Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները, որտեղ ներխուժել են թուրքական զինված ուժերը և բռնագրավել սիրիական բնակավայրեր: Այդ բնակավարերում ապրող հայությունը զգուշությամբ է հետևում զարգացումներին, որովհետև պատմությունից արդեն ծանոթ է թուրքական բարբարոսություններին և Թուրքիայի ծավալապաշտ քաղաքականությանը։ Որոշ հայ ընտանիքներ տեղափոխվել են ավելի ապահով վայրեր՝ դեպի Գամիշլիի, Ռաքքա, Հասիչե, Տերիք և Հալեպ։ Հալեպի առօրյան համեմատաբար անվտանգ է, սակայն նահանգի արվարձաններում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները մերթ ընդ մերթ հրթիռակոծում են հարավարևմտյան շրջանները».-մասնավորապես ասել Զ. Պողիկյանը։
Նա տեղեկացրել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հալեպի հայ համայնքը սկսել է վերականգնման աշխատանքները։ Անցնող տարիների ընթացքում աստիճանաբար վերանորոգվել են հայկական եկեղեցիներն ու վարժարանները, ազգային կյանքն անցել է աշխույժ վիճակի, գործում են բոլոր միություններն ու կազմակերպությունները։