Այսօր՝ հունվարի 15-ին, կայացել է 2020 թվականի հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքի պահանջներից բխող նորմատիվ որոշումների նախագծերի քննարկման մասին Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նորմատիվ որոշումներ է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացմամբ հանձնաժողովականների քննարկմանն են առաջարկվել 2020թ. հունվարի 1-ից գործության մեջ դրված ԱՀ ընտրական օրենսգրքից բխող նորմատիվ բնույթի շուրջ 6 տասնյակ իրավական ակտերի նախագծեր, որոնք, համաձայն ընտրական օրենգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի, պետք է ընդունվեն մինչև սույն թվականի հունվարի 31-ը:
Սրբուհի Արզումանյանն նշել է, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումների նախագծեր ներկայացվել են հանրային կարծիքի, իսկ 2020թ. հունվարի 13-ին ԿԸՀ-ում կազմակերպվել են բաց քննարկումներ լրացուցիչ պարզաբանում պահանջող որոշ նախագծերի շուրջ և քանի որ խնդիրներ առաջանալու հավակնություններ կային, ուստի անհրաժեշտ էր կազմակերպել լրացուցիչ քննարկում:
«Մենք համապետական ընտրությունների նախաշեմին ենք և բնականաբար անհրաժեշտություն կա, որ առանձին նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ հետագայում առավել մանրակրկիթ պարզաբանումներ լինեն: Պլանավորում ենք համապետական ընտրությունների մեկնարկը տալուց հետո անպայմանորեն հանրային լայն լսարանի համար քննարկման առարկա դարձնել ցանկացած խնդրահարույց հարց, որը մեր կարծիքով անհրաժեշտ կհամարվի դարձնել բազմակողմանի քննարկման թեմա:
Ընտրական նոր օրենսգրքի համաձայն անհրաժեշտություն կար նաև լրիվությամբ վերանայելու գործող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը: Իհարկե դրանց մի մասն իր ֆունկցիոնալությունը չի կորցրել և կիրառելի կլինի նաև այս համապետական ընտրությունների ժամանակ, իսկ մի մասն էլ իրենց հետ նորույթներ են բերել»,-մասնավորապես ասել է նա:
ԿԸՀ-ն նիստի ընթացքում ընդունեց համապետական և ՏԻՄ տարբեր ընտրությունների դեպքում ընտրության մասնակիցների (թեկնածուներ, վստահված անձինք, դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովականներ, ընտրողներ` նրանց թվում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողներ) իրավունքներին ու պարտականություններին, ընտրական մի շարք նոր փաստաթղթերի ձևերի սահմանմանը և գործող ձևաթղթերի պարզեցմանը վերաբերվող որոշումներ: Ընդունված որոշումներին մանրամասնորեն անդրադարձ կկատարվի ԱՀ արդարադատության նախարարության կողմից դրանց պաշտոնական գրանցումից հետո: