Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանում մտադիր չեն որևէ համաձայնագիր ստորագրել, որով փոխվելու են միջուկային հարցով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները:
Իրանը մերժել է միջուկային նոր գործարք կնքելու Թրամփի առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է РИА Новости՝ մեջբերելով նախարարի գրառումը:
«Մենք դրա համար չենք ստորագրել «Օբամայի գործարքը», որպեսզի այժմ այն փոխարինենք «Թրամփի գործարքով»»,-գրել է Զարիֆը Twitter-ում:
Վերջինս հավելել է, որ եթե նույնիսկ Իրանը համաձայնի այդ քայլին, որևէ երաշխիք չկա, որ մեկ տարի անց անհրաժեշտություն չի առաջանա փոխել համաձայնագրի պայմանները, եթե 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին հաղթի դեմոկրատ թեկնածուն։
Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և վերադառնալ միջուկային ծարգրով իր պարտականությունների կատարմանը, եթե պատժամիջոցները չեղարկվեն և պաշտպանվեն իրանական կողմի՝ գործարքով նախատեսված շահերը:
Հիշեցնենք, որ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր մշակելու մտադրության մասին Թրամփը հայտնել էր Իրանի վերաբերյալ հայտարարության ժամանակ, որը հաջորդել էր ԱՄՆ ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու Իրաքում ամերիկյան ավիաբազաների հրթիռակոծմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-: